Անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքով այսօր՝ մայիսի 7–ին, Վեդիի համայնքապետարանում Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ է հրավիրվել, որին մասնակցել է անչափահաս աղջիկների հայրը, մայրը չի մասնակցել։
Մինչեւ այդ համայնքապետարանում NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովի անդամները հրաժարվել են տեսախցիկի առջեւ դեպքի հետ կապված մեկնաբանություն տալ, սակայն հարցին, թե ինչու այդ ահասարսուռ դեպքին ժամանակին չեն արձագանքել, ինչը կարող էր կանխել բռնության հետագա կրկնությունը անչափահաս քույրերի նկատմամբ, աշխատակիցներից մեկն ասել է, որ իրենք էլ են վերջերս կատարվածի մասին տեղեկացել։ «Ոստիկանությունը փաստացի անգործություն է դրսևորել։ Քանի որ գործ ունենք անչափահասների հետ, նրանք պարտավոր էին առաջին իսկ ահազանգի ժամանակ՝ փետրվարի 22–ին, դիմել հանձնաժողովին, ինչը չի արվել»,–ասել է նա։
Թե հանձնաժողի փակ նիստում ինչ է քննարկվել, համայնքապետարանի աշխատակիցները չասացին՝ նշելով, որ որոշում է կայացվել այս պահին մեկնաբանություն չտալ, Վեդիի համայնքապետարանը ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգա։ Նշենք, որ նիստին մասնակցել է ոստիկան, հոգեբան։ Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը նիստին ներկա չի եղել, նա ընդհանրապես այսօր համայնքապետարան չի եկել, թեեւ համայնքապետարանից ասացին, որ նա վաղվանից է արձակուրդ գնում՝ ՔՊ նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով։