ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին

Հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուները՝ բացառությամբ ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորների և Կառավարության անդամների, նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Այս ժամանակահատվածում նշված թեկնածուների բացակայությունն աշխատանքից համարվում է հարգելի՝ առանց վարձատրության պահպանման: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Ըստ ԿԸՀ նախագահի՝ խնդիր կարող է առաջանալ նաև աշխատանքից հետո: Օրինակ՝ Կառավարության անդամների աշխատանքը սովորական պայմաններում 18:00-ով չի սահմանափակվում իրենց աշխատանքային օրերին, և նախընտրելի է, որ ովքեր պատրաստվում են քարոզչությամբ զբաղվել, արձակուրդի գնան:

«Վարչապետը պետական պահպանության ներքո գտնվող պաշտոնյա է, իսկ, օրինակ, նախարարները, եթե վարչապետի հատուկ հրամանով են գտնվում պետական պահպանության ներքո, ստացվում է, որ արձակուրդում գտնվելիս՝ ծառայողական ժամերից դուրս, իրենց ծառայողական ավտոմեքենաները չեն կարող օգտագործել: Այսինքն՝ նրանք պետք է քարոզարշավի գնան իրենց մեքենայով կամ ավտոբուսով, նկատի ունեմ՝ ծառայողական մեքենան չեն կարող օգտագործել: Ծառայողական մեքենա կարող են օգտագործել բացառապես իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու նպատակով»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *