Բաքվում հայ գերիների նկատմամբ ընթացող գործընթացները չեն կարող համարվել ժամանակակից մարդու իրավունքների չափանիշներին համապատասխանող, և միակ լեգիտիմ լուծումը նրանց անհապաղ վերադարձն է հայրենիք։ Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին՝ դատական ակտերը ստանալու և Բաքու այցեր կազմակերպելու հարցում միջնորդության հնարավորության վերաբերյալ։
Մանասյանն ընդգծեց, որ իր պաշտոնական փաստաթղթերում սկզբունքորեն չի օգտագործում «ազատազարկման գործընթաց» եզրույթը, այլ միշտ խոսում է իրավունքի կոպիտ խախտումների և օրինականության խնդիրների մասին՝ ընդգծելով հայրենակիցների պահման անօրինական բնույթը։
Մեկնաբանելով ադրբեջանական գերության մեջ պահվող Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դիմումները՝ կապված փաստաթղթերը ստանալու հարցում միջնորդության հետ, Մանասյանը նշեց, որ իր գրասենյակը զբաղվում է նրանց պաշտպանության հարցերով գերեվարման առաջին օրվանից։
Մասնավորապես, նախօրեին Դավիթ Իշխանյանը դիմել էր օմբուդսմենին՝ խնդրելով աջակցել Ադրբեջանի կառույցներից մեղադրական եզրակացությունների և դատավճռի ամբողջական տեքստերը հայերեն և ադրբեջաներեն լեզուներով ստանալու հարցում՝ ընտանիքին փոխանցելու համար։ Անահիտ Մանասյանը պարզաբանեց, որ շատ դեպքերում նախաձեռնությունը հենց իրենից է բխել, անգամ հարազատների դիմումների բացակայության պայմաններում։
«Չկա ոչ մի միջազգային հարթակ, որտեղ այս հարցը ես բարձրաձայնած չլինեմ», – ընդգծեց օմբուդսմենը՝ հավելելով, որ այս պահին չի կարող բացահայտել ոչ հրապարակային հաղորդակցության մանրամասները, որպեսզի չխախտի «մի վնասիր» սկզբունքը՝ այլ պետության ձեռքում գտնվող անձանց նկատմամբ։
Մարդու իրավունքների պաշտպանը նաև անդրադարձավ Ադրբեջանի հնարավոր այցի թեմային՝ պարզաբանելով, որ իր մանդատը չի նախատեսում այլ պետության տարածքում ազատազրկման վայրերում մոնիթորինգ իրականացնել։
Սա նաև պատասխան էր ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի դիմումի, ով խնդրել էր այցելել իրեն, և հայտնել էր, որ իր կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է մասնակցել նման նախաձեռնությանն ու այցելել Բաքու։
Մանասյանը նշեց, որ յուրաքանչյուր ազգային իրավապաշտպան ինստիտուտ պարտավոր է պաշտպանել իր տարածքում գտնվող ցանկացած մարդու իրավունքները՝ անկախ նրա քաղաքացիությունից, և տարակուսանք հայտնեց Բաքվից հնչող այն մեսիջների վերաբերյալ, թե իբր կա համագործակցության պատրաստակամություն։
«Ես որևէ պաշտոնական առաջարկ նման համագործակցության մասին կամ հաստատում, որ ադրբեջանական պետությունը պատրաստ է դրան նպաստել, չեմ ստացել», – հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Նա ամփոփեց, որ հարազատների այցելությունների կազմակերպման հարցերը միջպետական են և պահանջում են քննարկում այլ ձևաչափով, սակայն իր գրասենյակը շարունակում է օգտագործել բոլոր մարդասիրական գործիքները հայրենակիցների իրավունքները պաշտպանելու համար։