Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները կկարողանան մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին մայիսի 7-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարությունն ու Պրոբացիայի ծառայությունը ԿԸՀ-ին հավաստիացրել են, որ հարցը կարգավորված է։ «Մեզ հավաստիացրել են, որ Հայաստանի բոլոր քվեարկելու իրավունք ունեցող և տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիները, ցանկության դեպքում, կկարողանան քվեարկել։ Նրանց կուղեկցեն ընտրատեղամաս… Մի խոսքով, մեզ ասացին, որ հարցը լուծված է։ Ուստի մի անհանգստացեք», – նշել է Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։
Նշենք, որ այս պահի դրությամբ տնային կալանքում են գտնվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, Միքայել Սրբազանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը և այլ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքական ու հասարակական գործիչներ։