Shell-ը հայտարարել է 6,92 միլիարդ դոլարի ռեկորդային շահույթի մասին

Shell ընկերությունը հայտարարել է ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների շահույթի՝ սպասվածից ավելի բարձր աճի մասին, ինչը պայմանավորված է Իրանում պատերազմի հետևանքով նավթի գների կտրուկ բարձրացմամբ, հայտնում է Reuters-ը:

Նավթային հսկան տեղեկացրել է 6,92 միլիարդ ԱՄՆ դոլարի հիմնական շահույթի մասին, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ երեք ամիսների ցուցանիշը և 24%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ:

Վերլուծաբանների մեծ մասը կանխատեսում էր, որ նավթային հսկան կհայտնի 6,36 միլիարդ ԱՄՆ դոլարի շահույթի մասին։ Ընկերությունը հայտնել է, որ հում նավթի գների թռիչքաձև աճը նպաստել է նավթի առևտրի ոլորտում իր բիզնեսի ընդլայնմանը, իսկ քիմիական նյութերի և արտադրանքի ստորաբաժանման հասույթն աճել է ավելի քան չորս անգամ՝ նախորդ տարվա 449 միլիոն դոլարից հասնելով 1,93 միլիարդ դոլարի։

Ընկերությունների խումբը հայտարարել է բաժնետերերի համար բաժնետոմսերի եկամտաբերության բարձրացման, առաջիկա երեք ամիսների ընթացքում ևս երեք միլիարդ դոլարի բաժնետոմսերի հետգնման և շահութաբաժինների վճարումների 5%-ով ավելացման մասին։

Մրցակից BP ընկերությունը նույնպես հայտնել է նախորդ շաբաթվա սպասումները գերազանցող արդյունքների մասին։ Առաջին եռամսյակի շահույթը կրկնապատկվել է՝ հասնելով 3,2 միլիարդ դոլարի, քանի որ ընկերության թրեյդերներին հաջողվել է օգուտ քաղել նավթի գների բարձր տատանողականությունից։ BP-ն հայտնվել է ակտիվիստների քննադատության թիրախում, ովքեր մեղադրում են ընկերությանը տնային տնտեսությունների հաշվին շահույթ ստանալու մեջ. լցակայաններում վառելիքի գները կտրուկ աճել են, իսկ էլեկտրաէներգիայի վճարներն, ամենայն հավանականությամբ, էլ ավելի կթանկանան հուլիսի 1-ի սահմանաչափերի վերանայումից հետո։

Brent տեսակի հում նավթի, ավիացիոն վառելիքի և գազի գները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ արտադրությունը տուժել է տարածաշրջանում տեղի ունեցող հարձակումներից։ Հորմուզի նեղուցով անցնող կարևոր նավագնացային միջանցքի աշխատանքը դեռևս լուրջ խաթարված է։

Նախորդ շաբաթ հում նավթի գինը հասել էր բարելի դիմաց 126 դոլարի, ինչը վերջին չորս տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ Այնուհետև գները որոշակիորեն նվազել են՝ խաղաղության համաձայնագրի հույսերի ֆոնին, սակայն դեռևս շարունակում են մնալ բարելի դիմաց 100 դոլարից բարձր մակարդակում։

Այնուամենայնիվ, Shell-ի արտադրական հզորությունները խաթարվել են մարտին տեղի ունեցած հարձակումների հետևանքով առաջացած վնասների պատճառով: Տուժել են նաև երկրում գործող հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտադրական օբյեկտները, որոնք մասամբ պատկանում են Shell-ին: Ընկերությունը հայտարարել է, որ առաջին եռամսյակում արժեզրկումից կորուստներ չի գրանցել՝ չնայած «արտադրության կանգառներին և արտահանման սահմանափակումներին»։

Ընկերությունը նաև վերջերս 16,4 միլիարդ դոլարի գործարք է կնքել՝ կանադական ARC Resources էներգետիկ ընկերությունը գնելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *