Վեդիում տեղի ունեցած միջադեպը սարսափելի է, և էլ ավելի սարսափելի էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարությունը, թե նման դեպքեր լինում են նաև Գեղարքունիքում, Շիրակում և այլ վայրերում։ Նա այնպես է ներկայանում, կարծես անչափահասների բռնաբարությունը նորմալ երևույթ է։ Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ նման սարսափելի դեպքերի նկատմամբ իրավապահների անպատասխանատու վերաբերմունքը ստեղծում է նմանատիպ միջադեպերի կրկնվելու հավանականություն։
Նա հավելել է, որ եթե հասարակական ճնշումը չլիներ, ամեն ինչ կարվեր, որպեսզի այս դեպքի մասին ոչինչ չխոսվեր և քննություն չիրականացվեր։
«Տվյալ դեպքում հանրային ճնշումը ձևավորել է արդարության սպասում։ Մենք դեռ չգիտենք, թե ինչպես են ընթանալու նախաքննությունն ու դատավարությունը։ Դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությունը մեզ հիմք է տալիս կասկածի տակ դնել քննության օբյեկտիվությունը», — նշել է Վարդանյանը:
Նա հավելել է, որ ձևավորվել է մի համակարգ, որի պայմաններում ցանկացած մարդ ցանկացած իրավիճակում կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին։
«Վարորդական իրավունքից զրկված բոլոր մարդիկ դիտարկվում են որպես պոտենցիալ հանցագործներ։ Այս ոլորտում գործող մեխանիզմները պետք է փոխվեն։ Մյուս խնդիրն այն կալանքն է, որն այսօր դարձել է պատժի միջոց։ Բավարար հիմքերի բացակայության դեպքում կալանավորում են ընդդիմադիրներին և նույնիսկ հոգևորականներին, իսկ միևնույն ժամանակ Վեդիում երկու անասուն մարդ կատարում են սարսափելի հանցագործություն և երկու ամիս ազատ շրջում են։ Սա ստեղծում է անարդարության մթնոլորտ», — հայտարարել է Վարդանյանը։
Նա նշել է, որ երբ ամբողջ համակարգը զբաղված է քաղաքական գործերի քննությամբ, ընդդիմադիրների դեմ գործեր հարուցելով, մարդկանց կալանավորելով, այդ համակարգի ներկայացուցիչների ռեսուրսը սպառվում է և կորում է այլ գործերով վերականգնողական գործողություններ իրականացնելու ցանկությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վեդիում 58 և 65 տարեկան երկու տղամարդիկ բռնի սեռական գործողություններ են կատարել անչափահասների նկատմամբ։ Քրեական գործ է հարուցվել։