
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 7-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ևս երեք թեկնածուի գրանցումը։
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:
ԿԸՀ-ն ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Արմեն Սոկրատի Փամբուխչյանի, Արմեն Ալիկի Գրիգորյանի և «Բոլորին դեմ եմ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Դավիթ Սերժիկի Պետրոսյանի ինքնաբացարկի դիմումները։ Դիմումները նոտարական կարգով վավերացված են եղել։