Ռուսաստանը մայիսի 8-10-ը զինադադար է հայտարարել

Ռուսաստանը մայիսի 8-ի 00:00-ից մինչև մայիսի 10-ը զինադադար է հայտարարում, դադարեցնում է մարտական գործողությունները և հարվածները Ուկրաինայի տարածքի խորքում։ Զինադադարի մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ եթե Ուկրաինան խախտի զինադադարը, համարժեք պատասխան կտրվի։ Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարությանը խոչընդոտելու փորձի դեպքում Կիևի կենտրոնին զանգվածային հրթիռային հարված կհասցվի, հայտնել է նախարարությունը։

«Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահ, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վ.Վ. Պուտինի որոշման՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 81-ամյակի տոնակատարության օրերին՝ մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը, ռուսական կողմը զինադադար է հայտարարում»,- հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։  

«Նշված ժամանակահատվածում ռուսական զորքերի բոլոր խմբավորումները հատուկ ռազմական գործողության գոտում լիովին կդադարեցնեն մարտական գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Միաժամանակ դադարեցվում են հրթիռային զորքերի և հրետանու, ծովային և օդային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքի, հարվածային անօդաչու թռչող սարքերի հարվածները Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրերին և Ուկրաինայի տարածքի խորքում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ու զինված ուժերի հետ կապված ենթակառուցվածքային օբյեկտներին»,- հայտարարել է գերատեսչությունը։

«Ուկրաինական կողմին կոչ ենք անում հետևել այս օրինակին»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

«Ուկրաինայի զինված ուժերի կողմից զինադադարի խախտման, ինչպես նաև ռուսական տարածաշրջանների բնակավայրերին և օբյեկտներին հարվածներ հասցնելու փորձերի դեպքում ՌԴ զինված ուժերը համարժեք պատասխան կտան»,- նշված է հայտարարության մեջ։

«Նաև հիշեցնում ենք, որ կիևյան ռեժիմի կողմից Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակի տոնակատարությունը խափանելու փորձերի դեպքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը զանգվածային հրթիռային հարված կհասցնեն Կիևի կենտրոնին»,- հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

«Եվս մեկ անգամ զգուշացնում ենք Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին՝ քաղաքը ժամանակին լքելու անհրաժեշտության մասին», – հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *