Վատիկանը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցությունների ընթացքում բարձրացվել է «հանուն խաղաղության անդուլ աշխատելու անհրաժեշտության» հարցը: ԱՄՆ պետքարտուղարը Հռոմում է մի այցով, որը լայնորեն դիտարկվում է որպես Հռոմի Լևոն XIV պապի հասցեին Դոնալդ Թրամփի հնչեցրած բազմաթիվ քննադատություններից հետո լարվածությունը մեղմելու փորձ, գրում է The Guardian-ը:
Սուրբ Աթոռի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում տիրող աննախադեպ լարվածության ֆոնին՝ Առաքելական պալատում հինգշաբթի պապն ընդունել է Ռուբիոյին, որից հետո վերջինս մի շարք հանդիպումներ է անցկացրել Վատիկանի ներկայացուցիչների հետ:
Վատիկանի տեսանյութում երևում է, թե ինչպես է Հյուսիսային Ամերիկայից սերող առաջին պապը սեղմում իր հյուրի ձեռքը և նրան պաշտոնապես դիմում որպես «պարոն պետքարտուղար», ինչին ի պատասխան կաթոլիկ Ռուբիոն ասել է. «Ուրախ եմ ձեզ տեսնելու համար»:
Ռուբիոն Հռոմի պապին ամերիկյան ֆուտբոլի փոքրիկ բյուրեղապակյա գնդակ է նվիրել:
Նա կատակել է, թե գիտի, որ Լևոնը, լինելով Չիկագոյի բնակիչ և «White Sox»-ի հայտնի երկրպագու, ավելի շատ «բեյսբոլի սիրահար» է:
Հռոմի պապի հետ 45-րոպեանոց առանձնազրույցից հետո Ռուբիոն հանդիպել է նաև Վատիկանի պետքարտուղար և դե-ֆակտո դիվանագիտական գերատեսչության ղեկավար Պիետրո Պարոլինի հետ, որն այցի նախօրեին վճռականորեն պաշտպանել էր քահանայապետին և քննադատել Թրամփի վերջին հարձակումները՝ դրանք անվանելով «բավականին տարօրինակ»:
Իր հայտարարության մեջ Վատիկանը նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ իրադարձությունների շուրջ՝ «առանձնահատուկ ուշադրություն դարձնելով պատերազմից, քաղաքական լարվածությունից և բարդ հումանիտար իրավիճակից տուժած երկրներին, ինչպես նաև հանուն խաղաղության անդուլ աշխատելու անհրաժեշտությանը»։