Միգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրա


Մշակույթ


ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Նյու Յորքում մասնակցում է միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումին։ Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումի շրջանակում պետությունները գնահատում են Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի վերաբերյալ գլոբալ դաշնագրի (GCM) (Global Compact for Safe, Orderly and Regular Migration) 23 նպատակների իրականացման առաջընթացը և սահմանում առաջիկա տարիների ռազմավարական առաջնահերթությունները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հետևողական հանձնառությունը արդիականացնելու միգրացիայի կառավարման համակարգը՝ այն դարձնելով առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների, մարդու իրավունքների պաշտպանության և բազմակողմ համագործակցության սկզբունքների վրա։

Ֆորումի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է նաև երկրորդ կլոր սեղան- քննարկմանը, որը նվիրված էր Միգրացիայի գլոբալ դաշնագրի (GCM) 23 նպատակներից 7-ի (անձանց իրավական ինքնություն և փաստաթղթավորում, անհայտ կորած միգրանտներ կյանքի պահպանում, միգրանտների անօրինական տեղափոխում, մարդկանց թրաֆիքինգ, սահմանների համալիր և անվտանգ կառավարում, միգրացիոն կալանքի այլընտրանքներ, անվտանգ վերադարձ և վերաինտեգրում) իրականացման ընթացքին։

Քննարկման ընթացքում նա հանդես է եկել որպես բանախոս՝ ներկայացնելով այդ ուղղություններով Հայաստանի կողմից վերջին չորս տարիներին իրականացված քայլերը, միգրացիայի կառավարման համակարգի արդիականացման ուղղված բարեփոխումները, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու հետագա առաջնահերթությունները։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի՝ անվտանգ, արժանապատիվ և մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված վերադարձի և վերաինտեգրման գործընթացները՝ ընդգծելով հատկապես խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների պաշտպանության ուղղությամբ կիրառվող մոտեցումները։

Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը իրականացրել է էական իրավական, ինստիտուցիոնալ և գործառնական բարեփոխումներ՝ միգրացիայի կառավարման համակարգերն արդիականացնելու և թվայնացնելու ուղղությամբ՝ համադրելով նաև միջազգային լավագույն փորձը։

Արմեն Ղազարյանը խոսել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» վերանայված օրենքի, ինչպես նաև փաստաթղթային ծառայությունների հասանելիության ապահովման կարևորության մասին՝ ընդգծելով ICAO ստանդարտներին համապատասխան նոր կենսաչափական փաստաթղթերի ներդրումը։ 

ՆԳ նախարարի տեղակալը անդրադարձել է նաև միգրանտների մաքսանենգության և թրաֆիքինգի դեմ պայքարին և նշել, որ Հայաստանի համար առաջնահերթություն են այս ոլորտում կանխարգելիչ միջոցառումներն ու միջազգային համագործակցության ամրապնդումը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *