
ԱԺ-ի դիմաց մեկնարկած «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ընթացքում «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը քննադատել է գործող իշխանություններին՝ հայտարարելով, որ նրանք ընտրողների վրա ազդեցություն գործադրելու համար շարունակում են օգտագործել սոցիալական օգնությունների, տարբեր խոստումների, կենսաթոշակների բարձրացման և հարկերի նվազեցման մեթոդները։
Չալաբյանի խոսքով՝ իշխանությունները հասկանում են, որ նախկինում կիրառված այդ գործիքներն արդեն կորցրել են իրենց արդյունավետությունը և այլևս չեն կարող էական ազդեցություն ունենալ հանրային տրամադրությունների վրա։
Նա ընդգծել է, որ ընդդիմադիր դաշտում այս պահին առաջատար դիրքում է գտնվում Սամվել Կարապետյանը, քանի որ հասարակությունը ցանկանում է տեսնել նոր քաղաքական ուժ և նոր մոտեցումներ։ Չալաբյանի խոսքով՝ քաղաքացիները սպասում են մի ուժի, որը կապ չի ունեցել ոչ միայն ներկայիս իշխանությունների, այլև նախկին քաղաքական համակարգի հետ և պատրաստ է ստանձնել նոր պատասխանատվություն։
Նրա գնահատմամբ՝ հենց այդ պատճառով իշխանությունները կենտրոնացրել են իրենց քաղաքական և վարչական ռեսուրսները «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ պայքարի վրա՝ երկրորդ պլան մղելով նախկին ազդեցիկ քաղաքական գործիչներին։
Չալաբյանը նաև համոզմունք է հայտնել, որ իշխանությունների այդ մարտավարությունը հաջողություն չի ունենալու, քանի որ, իր խոսքով, որևէ սոցիոլոգիական հարցում գործող իշխանություններին բացարձակ առավելություն չի տալիս։ Նա նշել է, որ հարցումները ցույց են տալիս ընդդիմադիր դաշտի ընդհանուր գերակայությունը։
Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ Չալաբյանը շեշտել է, որ ընդդիմության հիմնական նպատակը պետք է լինի ընդդիմադիր ընտրազանգվածի համախմբումը:
«Իշխանությունները կձախողեն»,- ասել է նա: