Ինչպես ծախսել գումարներ, վարձել գրասենյակներ` գաղտնի պահելով փողերի աղբյուրները. դասեր «Միասնության թևեր»-ից․ FIP

Fip-ը գրում է․ Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, և մինչ այդ կուսակցություններն ամիսներ շարունակ վարձակալել են տարածքներ, հիմնել գրասենյակներ Հայաստանի տարբեր բնակավայրերում։

«Փաստերի ստուգման հարթակը» Կադաստրի կոմիտե ուղարկված հարցմամբ փորձել է պարզել՝ ընտրություններին մասնակից կուսակցությունները ինչպես և ինչ պայմաններով են վարձակալել այդ գրասենյակները կամ ինչ այլ հիմքերով են զբաղեցնում այդ տարածքները:

Նկատենք՝ այս հանգամանքը կարևոր է հասկանալու համար, թե որքան թափանցիկ են կուսակցությունների ֆինանսական հոսքերը. արդյո՞ք կուսակցություններն իրենց օրինական ֆինանսական մուտքերից են կատարում գրասենյակների վարձակալության և այլ ծախսերը, թե՞ շրջանցելով կուսակցությունների ֆինանսավորման վերահսկման մեխանիզմները՝ այդ գրասենյակների համար վճարվում են այլ տեղերից:

Կադաստրի կոմիտեից առայժմ ստացել ենք «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» «Միասնության թևեր» կուսակցությունների վերաբերյալ տեղեկություններ։ 

Մեր հարցմամբ, մասնավորապես, հետաքրքրվել էինք այս կուսակցությունների կողմից վարձակալվող, սեփականության կամ այլ իրավունքով պատկանող՝ (տնօրինվող, տիրապետվող, օգտագործվող) տարածքների հասցեների մասին, ինչպես նաև խնդրել ենք հայտնել այդ իրավունքների ծագման ամսաթվերն ու դրանց հիմքերը։ 

ՔՊ-ն, ՈւՀ-ն ու ԲՀԿ-ն չունեն սեփական տարածք, բայց վարձակալում են 

Կադաստրի կոմիտեից տեղեկացրել են, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները սեփական անշարժ գույք չունեն։ Միաժամանակ ընդգծել են, որ երեք կուսակցություններն էլ տարբեր հասցեների անշարժ գույքերի նկատմամբ ունեն գրանցված վարձակալության իրավունք։

Մասնավորապես՝

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարձակալում է տարածքներ Արմավիրում, Գյումրիում և Երևանում։
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վարձակալությամբ օգտագործում է մի շարք գույքեր տարբեր մարզերում, այդ թվում՝ Մասիսում, Գավառում, Մարտունիում, Վանաձորում, Տաշիրում, Աշոցքում, Կապանում, Վայքում, Բերդում և Երևանում։
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վարձակալում է 93 տարբեր օբյեկտներ, որոնք տեղակայված են ինչպես Երևան քաղաքի վարչական շրջաններում, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ մարզերում:

Ի՞նչ տվյալներ կան Արման Թաթոյանի առաջնորդած կուսակցության մասին

Վերոնշյալ կուսակցությունների հետ միասին Կադաստրի կոմիտեից հարցմամբ խնդրել էինք տվյալներ նաև «Միասնության թևեր» կուսակցության կողմից օգտագործվող կամ վարձակալվող տարածքների վերաբերյալ։ Հայտնի է, որ ամիսներ շարունակ այս քաղաքական նախաձեռնությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում գրասենյակներ էր բացում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Կուսակցության պաշտոնական կայքում այժմ նշվում է 32 գրասենյակի հասցե։

Սակայն Կադաստրի կոմիտեից FIP.am-ին հայտնել են, որ այս կուսակցության անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության, վարձակալության կամ որևէ այլ  իրավունքի պետական գրանցում գոյություն չունի։

«Միասնության թևեր» կուսակցության գրանցված լինելու մասին հայտարարվել է ապրիլի 15-ին։ Մինչ այդ դա քաղաքական նախաձեռնություն էր։

Նկատենք՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածը սահմանում է․ «Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման։ Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները»:

Այս հանգամանքը հարցեր է առաջացնում այն իմաստով, թե ինչ իրավական հիմքով և ում միջոցներով են օգտագործվում այդ տարածքները։ 

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը FIP.am-ի խնդրանքով մեկնաբանելով քաղաքական ուժի այս քայլը, նշել է, որ նոտարական վավերացմամբ պայմանագրեր են կնքվել և չեն գրանցվել Կադաստրի կոմիտեում։ «Վճարումները կատարվում են վարձատուներին ու հարկային վճարումներ են կատարվում Պետական եկամուտների կոմիտե։ Կադաստրի կոմիտեում գրանցելու հնարավորությունը կար, բայց քանի որ կարճաժամկետ էր, նախընտրեցինք այս ձևը։ Նոտարական վավերացմամբ պայմանագրեր են կնքվել, դրա համար չի երևում կադաստրի կոմիտեում», -ասել է Լիպարիտ Դրմեյանը։

Այս համատեքստում ուշագրավ է նաև, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է՝ «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն մասի պահանջը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության…»:

Փաստացի, եթե վարձակալության պայմանագրերը 30-օրյա ժամկետում Կադաստրի կոմիտե չեն ներկայացվում՝ դրանք առոչինչ են: Միևնույն ժամանակ, «Միասնության թևերի» գրասենյակների զգալի մասը բացվել են նախորդ տարի (33-րդ գրասենյակի բացման մասին էլ հայտարարվել է մեկ ամիս առաջ)։ Ստացվում է՝  կամ դրանց պայմանագրերը ժամանակին կնքվել են, բայց պետական գրանցում չստանալու պատճառով առոչինչ են դարձել, կամ էլ ժամանակին (գրասենյակը բացվելուց) չեն կնքվել:

Այսինքն միևնույն է, «Միասնության թևերի» ֆինանսական հոսքերը թափանցիկ չեն առնվազն մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը։  Բանն այն է, որ պետական գրանցման բացակայությունը հնարավորություն չի տալիս քաղհասարակության ներկայացուցիչներին և պետական մարմիններին տեսնելու, թե ով է վճարում այդ տարածքների համար: 

Ինչպե՞ս է ծնվել «Միասնության թևեր» կուսակցությունը

FIP.am-ը Պետական ռեգիստրի գործակալությունից տեղեկանում է, որ «Միասնության թևերը» որպես կուսակցություն,  գրանցվել է բոլորովին վերջերս (ապրիլի 13-ին-հեղ․)՝ 2018 թվականին հիմնադրված «Արժանապատիվ ուղի» կուսակցության հիման վրա։ Այսինքն տեղի է ունեցել վերաբրենդավորում։ 

Արտապատկերումը՝ պետռեգիստրից

Իր քաղաքական գործունեության ֆինանսավորման վերաբերյալ Արման Թաթոյանը սակավախոս է։ Քաղաքական գործունեության մեկնարկի մասին ազդարարելիս 2025-ին հայտարարել էր, որ իրենք ֆինանսավորվում են «տարբեր հայրենակիցների ներդրումներով»։ «Այդտեղ ոչ մի գաղտնիք չկա, նրանք պարզապես մարդիկ են, ում ես չեմ ճանաչում, իմ ընկերներից են, և այլն», -ասել էր նա։ 

Վերջերս էլ «Ռեֆորումի» շրջանակներում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ մասնակից երիտասարդներից մեկը զարմանք էր հայտնել, որ ամենուր Արման Թաթոյանի գովազդային վահանակներն են, իսկ տարբեր կայքերում՝ նրա գովազդային լուսանկարը։ «Ամեն տեղ շատ կոկիկ ու գեղեցիկ սարքված գրասենյակներ են, այսինքն՝ մեծ գումարներ են ծախսվել ու իմ պատկերացմամբ՝ կարող են հասնել 100 հազարավոր դոլարների», —նկատել էր երիտասարդը ու հարցրել՝ որտեղի՞ց Արման Թաթոյանին այդքան ֆինանսներ։ Ի պատասխան Թաթոյանը հաստատել էր, որ իրենց ծախսը «100 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում է», նաև տեղեկացրել՝ ինքը ստանում է ամսական 10 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ ու նաև ունեն աջակիցներ։ Այլ մանրամասներ ֆինանսավորման մասին չէր հայտնել։ 

Ինչպես հայտնի է, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը կուսակցությունների ֆինանսավորման ու կուսակցություններին բնեղենով աջակցելու բազմաթիվ սահմանափակումներ է նախատեսում: Դրանց թվում են այն կարգավորումները, որոնք արգելում են կուսակցությանը ստանալ որևէ աջակցություն օտար պետություններից, օտարեկրացիներից կամ իրավաբանական անձանցից, իսկ ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձինք կարող են կուսակցությանը աջակցել ոչ ավելի, քան տարեկան 10 միլիոն դրամի չափով:

Այս կարգավորումները, սակայն, չէին կարող տարածվել «Միասնության թևերի» վրա, քանի որ այն կուսակցություն չէր, հետևաբար քաղաքական նախաձեռնությանը առաջադրվող պահանջները չէին կարող լինել այնպիսին, ինչպիսին կուսակցությունների դեպքում է։ 

Այսպիսով, վերաբրենդավորման արդյունքում «Արժանապատիվ ուղին» (հիմնադիրը նախկին ՕԵԿ–ական Հովհաննես Մարգարյանն է եղել-հեղ․), որը գրեթե անհայտ էր, անվանափոխվել է՝ դառնալով «Միասնության թևեր»:

Այս անունով կուսակցության գրանցվելու մասին հայտարարվել է միայն 2026 թվականի ապրիլի 15-ին՝ ԿԸՀ-ում կուսակցությունների գրանցման վերջնաժամկետից օրեր առաջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *