Ես մայիսի 13–ից եմ միանալու մեր քաղաքական թիմին և շարունակելու եմ մինչև վերջին օրը։ Այս մասին այսօր՝ մայիսի 8–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ ցուցակում ընդգրկված Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ–ն իր քարոզարշավը սկսել է Սյունիքից, իսկ ինքը Երևանում է։
«Ժողովուրդն այսօր ունի հնարավորություն գնահատելու 18 թվի հեղափոխության արդյունքները։ Դանից հետո 21–ի արտահերթ ընտրություններում ժողովուրդը մեզ նորից վստահեց իշխանությունը, իսկ դա հենց այդպես չի լինում, նշանակում է այն նպատակները, որ դրված էին 18 թվականին, պետք է ունենային իրենց շարունակությունը։ Եվ հիմա եկել է այն պահը, որտեղ մենք պետք է ներկայացնենք մեր արածը և ակնկալիք ունենանք քվե ստանալու և շարունակելու այն, ինչի համար 18 թվականին ժողովուրդը մեզ տվել է քվե»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարում է, որ եթե ՔՊ–ն սահմանադրական մեծամասնություն չկազմի, սեպտեմբերին պատերազմ կլինի, մինչդեռ ընդդիմադիրները նշում են, որ այս մասին խոսում է մի ուժ, որը պատերազմներ է բերել, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Պատերազմը մենք չենք բերել, պատերազմը, սկսել է Ադրբեջանը և բնականաբար սկսել է այն ժամանակ, երբ որ ինքը պատրաստ է եղել։ Ինչի՞ մինչև այդ մենք անընդհատ թուլացած ենք եղել, որովհետև նախկին իշխանությունները մեր երկիրը չեն սիրել, դրա համար էլ իրենց ունեցվածքը անսահման է, այդ թվում ՀՀ սահմաններից դուրս։
Հարց է առաջանում, ինչու լուծված չէր Ղարաբաղի հարցը և եկավ երկիրը կանգնեց պատերազմի շեմին, ինչու մեր պահեստները դատարկ էին, ինչու պահեստազորի խնդիրները լուծված չէին։ Երեկ էլ Սեյրան Օհանյան ամպագորգոռ բաներ էր խոսում, որը յոթ տարի եղել է պաշտպանության բանակի հրամանատար, եղել է նաև պաշտպանության նախարար, եղել է գլխավոր շտաբի պետ։ Ես իմ ելույթում խոսեցի մարտի 1–ին պաշտպանության բանակից մեծաքանակ զինվորականներ Երևան բերելու մասին։ Հարց է առաջանում. Ինչի՞ էին եկել Երևան: Լեռնային Ղարաբա՞ղն էին եկել պաշտպանեին, թե դրանով թուլացրեցին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանին տվեցին հնարավորություն ռևանշի հասնելու»։
Անդրանիկ Քոչարյանը վստահություն հայտնեց, որ ՔՊ–ի ընտրվելու դեպքում Հայաստանը կլինի ավելի պաշտպանված, քան եղել է 18 թվականից առաջ։