34 տարի առաջ այս օրերին սկսվեց Շուշի քաղաքի ազատագրման հաղթական գործողությունը, որը նաև հայ ժողովրդի հստակ ուղերձն էր աշխարհին, որ հայը վախկոտ չէ և պարտված չէ, և որ նվիրյալ մարդկանց ղեկավարությամբ նա միշտ հաղթում է։ Այս մասին մայիսի 8-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, որքան էլ ներկայիս իշխանությունը փորձի հասարակությանը համոզել, թե հայերը հաղթանակներ տանելու հնարավորություն չունեն, և որ հենց դրանով են պայմանավորված նրա զիջողականությունն ու պարտվողական տրամադրությունները, հայ ժողովրդի պատմության բազմաթիվ դրվագներ հակառակն են ցույց տալիս։
Խոսելով այսօր մեկնարկող նախընտրական քարոզչության մասին՝ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր ողջ ունեցած ներուժը, ինչպես նաև հնարավորությունները կուղղի ընտրական գործընթացներում միավորված ընդդիմության հաջողության ապահովմանը։
«Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ընտրություններին չմասնակցելու որոշումը պետք է դիտարկել հենց այս համատեքստում», – ավելացրել է ընդդիմադիր գործիչը։