Գերմանիայի արևմուտքում գտնվող Զինցիգ քաղաքում լայնածավալ ոստիկանական գործողություն է ընթանում՝ կապված Volksbank բանկի մասնաճյուղում պատանդներ վերցնելու հետ, հաղորդում է Bild թերթը։
«Ինչպես հաստատել են ոստիկանությունում, ներկայումս քաղաքի կենտրոնում գտնվող Volksbank բանկի մասնաճյուղում պատանդներ կան», – գրում է թաբլոիդը։
Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, քաղաքի վերևում ուղղաթիռներ են պտտվում։ Bild-ի տեղեկություններով՝ առավոտյան բանկի մոտ է մոտեցել ինկասացիոն մեքենա։ Աշխատակիցներից մեկը դուրս է եկել շենք մտնելու համար։ Անծանոթը կտրել է վարորդի ճանապարհը և սկսել սպառնալ նրան։ Հայտնում են, որ ներկայումս պատանդառուն և պատանդը գտնվում են բանկի պահոցում։
«Այս պահին պետք է ենթադրել, որ բանկում գտնվում են մի քանի հանցագործներ և պատանդներ։ Պատանդներից մեկն ինկասացիոն մեքենայի վարորդն է», – հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։
Տեղում իրավիճակը ներկայումս մնում է անփոփոխ։ Շրջափակման գոտուց դուրս գտնվող քաղաքացիների համար այս պահին վտանգ չկա, հայտնել են իրավապահները։ Բանկի մասնաճյուղի դիմաց կենտրոնացված են ոստիկանության ուժերը։ Ինկասացիոն մեքենան դեռ կանգնած է բանկի մուտքի դիմաց։ Քաղաքի կենտրոնը շրջափակված է, նաև կանչվել են հատուկ ստորաբաժանումներ։
Մանրամասներ ոստիկանությունը դեռ չի հայտնում։ Պարզ չէ, թե բանկում պատանդի կարգավիճակով քանի մարդ է պահվում։ Անհայտ է նաև՝ պատանդառուները զինվա՞ծ են, թե ոչ։