Հակակոռուպցիոն կոմիտեն՝ «Ուժեղ Հայաստան»–ի Անիի գրասենյակի պատասխանատուի և նրա կնոջ ձերբակալման մասին. (վիդեո)

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի տարածքային պատասխանատուն, իր մերձավոր ազգականների և այլ անձանց հետ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք՝ գործընթացը քողարկելով նշված անձանց կուսակցության տարածքային գրասենյակներում որպես պատասխանատու կամ ակտիվիստ ձևակերպելու և կաշառք–գումարը աշխատավարձի տեսքով վճարելու անվան տակ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը նյութապես շահագրգռելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց անունից տրված պահանջին չենթարկվելու հետևանքներով վախեցնելու սպառնալիքով փորձել է խոչընդոտել մի շարք ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ իր տեղեկություններով, Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններից հետո ձերբակալված քաղաքացիները «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակի պատասխանատու Թաթուլ Բուլոյանը և նրա կինն են։ Խուզարկություններ են իրականացվել ոչ միայն գրասենյակում, այլև նրանց բնակարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *