Քարոզարշավի ընթացքում հիմնական արգելքը վերաբերում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրողներին որևէ ձևով դրամ կամ որևէ առավելություն, գույքային խոստումներ չտալուն, չտրամադրելուն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերն այս շրջանում, որպեսզի իրավապահների թիրախում չհայտնվեն։
Նա նկատեց, որ կատարված փոփոխությունների ուժով երկարացվել է արգելքի ժամկետը, այսինքն քարոզչության ընթացքից բացի, դա վերաբերում էր նաև ընտրությունները նշանակելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից սկսած ժամանակահատվածին. «Դրա համար կան հետևանքներ, այսինքն հսկողություն է իրականացվում նախընտրական քարոզչության կանոնների պահպանման նկատմամբ և ԿԸՀ–ն կարող է կամ զգուշացնել, կամ դիմել համապատասխան մարմինների, որպեսզի կանխեն այդ խախտումները։ Իսկ եթե համարվի, որ այնպիսի խախտում է, որը կրում է շարունակական բնույթ, կամ այդ խախտումը այնքան էական է, որ չի կարող վերացվել, և ըստ էության էական ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ԿԸՀ-ն կարող է դիմել դատարան, որպեսզի տվյալ կուսակցության կամ դաշինքի գրանցումը ուժը կորցրած ճանաչի, և դատարանն էլ ըստ էության նման որոշում կայացնելիս նկատի կունենա այն հանգամանքը, որ դա ուղղորդվել է համապատասխան թեկնածուի, կուսակցությունների դաշինքի կողմից։ Սա հիմնական արգելքն է»,–ասաց նա։
Երկրորդ հիմնական արգելքը, ըստ Հովհաննիսյանի, վարչական ռեսուրսի օգտագործումն է, որի տակ առավելապես ընկնում են իշխանության ներկայացուցիչները. «Կատարված փոփոխությունների համաձայն հստակ սահմանվել է՝ ինչ է վարչական ռեսուրսը, հստակ արգելքը սահմանված է, հսկայական ցանկ կա»,– նկատեց Հովհաննիսյանը։
Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների մասին, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Ինքը գտնվում է արձակուրդում և չի կարող քարոզչություն իրականացնելիս հանդես գալ որպես վարչապետ, նա վարչապետի թեկնածու է մյուս բոլորի նման։ Հատուկ այս մասով կա կարգավորում ընտրական օրենսգրքում, որ եթե իր պաշտոնական պարտականությունները որևէ հարթության մեջ պետք է կատարի, ապա որևէ կերպ դա չպետք է իր առավելությունը ընդգծի, այսինքն չպետք է կրի քարոզչական բնույթ։