Wildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքները


Wildberries հարթակը հայտնում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված և մակնշված ապրանքների Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների աստիճանական վերականգնման մասին՝ մաքսային նոր պահանջների և փաստաթղթային գործընթացների կարգավորումից հետո։

«Wildberries-ը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված և մակնշված որոշ ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին։

Ավելի վաղ՝ մաքսային կարգավորման նոր պահանջների ուժի մեջ մտնելու և ապրանքների ծագման հաստատման նպատակով վաճառողների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության կապակցությամբ, մատակարարումների մի մասը բախվել է լրացուցիչ ստուգումների և տեսակավորման կենտրոններում մշակման ուշացումների։

Գործընթացները կարգավորելու և հետագա ուշացումները կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս որոշ ապրանքային քարտերի հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել էր։

Պետական մարմինների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզ, որի շրջանակում արդեն մասնակիորեն վերականգնվել է հայկական արտադրության ապրանքային քարտերի հասանելիությունը։

Ճանապարհային քարտեզի իրականացման շրջանակում վաճառողներին տրամադրվում են նաև աջակցություն, ներառյալ անհատական տեխնիկական սպասարկում և ապրանքների առաջխաղացման հարցերում աջակցություն, որոնք ուղղված են վաճառքների լիարժեք վերականգնման ապահովմանը։

Հաջորդ փուլերում նախատեսվում է նաև ԵԱՏՄ տարածքում արտադրված, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների իրացման վերականգնում։ Միաժամանակ ընկերությունը շարունակում է համագործակցել վաճառողների հետ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հարցերում՝ վաճառքների լիարժեք վերականգնման նպատակով։

Զուգահեռաբար ընկերությունը արագացված ռեժիմով աշխատում է հարթակի տեխնիկական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ փաստաթղթերի մշակման և ստուգման գործընթացների ավտոմատացման նպատակով։

Նաև հարթակում կմեկնարկի հատուկ բաժին՝ «Պատրաստված է Հայաստանում» նշումով, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքները։

Wildberries-ը շնորհակալություն է հայտնում գործընկերներին և վաճառողներին համագործակցության և կառուցողական փոխգործակցության համար»,- ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ «Վայլդբերիսն» անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները։ Ներկայիս իրավիճակի հետ կապված, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում մաքսային ձևակերպման շրջանակում առանձին ապրանքների կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառմամբ, Wildberries ընկերությունը (ԻՄՎԲԱՄ ՍՊԸ) պարզաբանում էր ներկայացրել՝ նշելով, որ Հայաստանից վաճառքների սահմանափակումները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնությունում մաքսային ձևակերպման նոր պահանջներով, և գործընթացը գտնվում է կարգավորման փուլում՝ գործընկերների հետ շարունակական քննարկումների պայմաններում։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *