Իրանը ակտիվացնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ՝ փորձելով մեղմել ամերիկյան շրջափակման հետևանքներն ու հարմարվել տնտեսական ճնշմանը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ մինչև հակամարտության սրումը Սիանից դեպի Թեհրան շաբաթական մոտ մեկ բեռնատար գնացք էր շարժվում, իսկ շրջափակումից հետո երթուղին դարձել է ավելի ակտիվ՝ այժմ գնացքները շարժվում են յուրաքանչյուր 3–4 օրը մեկ։
Նյութում նշվում է, որ փոխադրումների արժեքը նույնպես զգալիորեն բարձրացել է։ 40 ֆուտանոց ստանդարտ կոնտեյների տեղափոխման արժեքը այս շաբաթ գնահատվել է մոտ 7 հազար դոլար, ինչը շուրջ 40%-ով գերազանցում է սովորական մակարդակը։
Այս պահին երկաթուղային առևտուրը հիմնականում միակողմանի բնույթ ունի․ դեպի Իրան տեղափոխվում են՝
- ավտոպահեստամասեր
- գեներատորներ
- էլեկտրոնիկա
- արդյունաբերական և սպառողական ապրանքներ
Իրանի պաշտոնյաները հայտարարել են, որ ուսումնասիրում են նաև երկաթուղային երթուղիներով նավթաքիմիական արտադրանքի և վառելիքի արտահանման հնարավորությունը։
Բացի Չինաստանի ուղղությամբ գործող երթուղուց, Իրան-ը նախատեսում է միլիարդավոր դոլարներ ներդնել «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման մեջ, որը կապում է երկիրը Ռուսաստանի հետ։
Ըստ Fars գործակալության՝ Իրանը կարող է իր սովորական ծովային առևտրի մոտ 40%-ը տեղափոխել ցամաքային երթուղիներ։
Վերլուծաբանների կարծիքով՝ այս քայլերը ցույց են տալիս, որ Թեհրանը փորձում է նվազեցնել ծովային լոգիստիկայից կախվածությունը և ուժեղացնել տարածաշրջանային ցամաքային առևտրային կապերը։