Ասիական զարգացման բանկի 60-րդ տարեկան համաժողովը տեղի կունենա Ճապոնիայի Նագոյա քաղաքում: NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, այս մասին ԱԶԲ-ի 59-րդ համաժողովի եզրափակիչ օրը հայտնել են բանկի ներկայացուցիչները: Տարեկան հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2027 թվականի մայիսի 2-5-ը:
ԱԶԲ նախագահ Մասատո Կանդան իր եզրափակիչ ելույթում նշել է՝ խորհրդանշական է, որ 60-րդ համաժողովը նշվելու է Ճապոնիայում, որը Ասիական զարգացման բանկի հիմադիր անդամներից է, և որն այսօր էլ հանդիսանում է բանկի խոշորագույն բաժնետերերից մեկը։
«ԱԶԲ–ի 60-րդ տարեկան ժողովը պարզապես տոնակատարություն չի լինելու։ Այն լինելու է կարևոր մի պահ՝ ապագային նայելու։ Ես մեծ ակնկալիքներ ունեմ, որ այս կարևոր միջոցառումը մեծ հաջողություն կունենա»,–ասել է Մասատո Կանդան։
Բանկի 59-րդ հանդիպումն ավարտվել է Ճապոնիայի պատմությանն ու մշակույթին նվիրված միջոցառումով, որին ներկա էին նաև Ճապոնիայի ֆինանսների նախարարի տեղակալը, Նագոյայի քաղաքապետը և այլ պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում մայիսի 3-6–ը տեղի էր ունենում Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան համաժողովը, որի շրջանակում Սամարկանդ էին ժամանել ԱԶԲ–ի անդամ 69 երկների ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները, փորձագետներ, լրագրողներ։ Համաժողովին մասնակցում էր նաև Հայաստանի ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրտչյանը։
Համաժողովի շրջանակում Ասիական զարգացման բանկը հայտարարել է մի շարք նոր նախագծերի մասին․ դրանցից մեկի նպատակն է, օրինակ, աջակցելն է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին, որոնք բախվում են էներգակիրների գների բարձրացման խնդրին, և արագացնել անցումն ավելի կայուն էներգետիկ համակարգերի: