Պարենամթերքի համաշխարհային գները ապրիլին, մարտի համեմատ, աճել են 1,6%-ով։ Աճն արձանագրվում է երրորդ ամիսն անընդմեջ, սակայն դրա տեմպերը դանդաղել են. մարտին, փետրվարի համեմատ, այն կազմել էր 2,4%։ Դրա մասին նշվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մայիսյան զեկույցում։
Անցյալ տարվա ապրիլի համեմատ գները 2%-ով բարձր են եղել, սակայն 2022 թվականի մարտի գագաթնակետի համեմատ՝ 18,4%-ով ցածր։ «Բուսական յուղերի, մսի և հացահատիկի գների ինդեքսների աճն անհամաչափ է եղել և ուղեկցվել է շաքարի ու կաթնամթերքի գների ինդեքսների նվազմամբ»,- ասված է փաստաթղթում։
Հացահատիկի գների ինդեքսն ապրիլին 0,8%-ով բարձր է եղել մարտյան ցուցանիշից և 0,4%-ով բարձր՝ անցյալ տարվա ցուցանիշից. հաղորդում է Интерфакс-ը։ Նման աճը պայմանավորված է հացահատիկի բոլոր հիմնական տեսակների գների բարձրացմամբ՝ բացառությամբ սորգոյի և գարու։ Ցորենի համաշխարհային գները աճել են 0,8%-ով՝ ԱՄՆ-ի առանձին շրջաններում չորային պայմանների և Ավստրալիայում տեղումների՝ միջինից ցածր մակարդակի հավանականության մեծացման ազդեցության ներքո։
Գների աճին նպաստել են նաև 2026 թվականին ցորենի ցանքատարածությունների կրճատման սպասումները՝ կապված ֆերմերների կողմից պակաս ռեսուրսատար մշակաբույսերի անցման հետ։ Դա տեղի է ունենում պարարտանյութերի բարձր գների ֆոնին, որոնք պայմանավորված են էներգակիրների արժեքի բարձրացմամբ և Հորմուզի նեղուցի փաստացի փակմանն առնչվող ընդհատումներով։ Գներին լրացուցիչ աջակցություն է ծառայել էթանոլի կայուն բարձր պահանջարկը՝ հում նավթի բարձր գների պայմաններում, ինչպես նաև պարարտանյութերի տնտեսական հասանելիությանն առնչվող մտահոգությունները, պարզաբանում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։
Բուսական յուղերի գների ինդեքսը ապրիլին 5,9%-ով բարձր է եղել մարտյան ցուցանիշից և հասել է ամենաբարձր մակարդակին 2022 թվականի հուլիսից ի վեր։ «Այդ ինդեքսի աճը շարունակվել է արմավենու, սոյայի, արևածաղկի և ռապսի յուղերի գների բարձրացման պայմաններում,- ասվում է զեկույցում։- Գների վրա լրացուցիչ բարձրացող ճնշում են գործադրել առաջիկա ամիսներին Հարավարևելյան Ասիայի երկրներում արտադրության սեզոնային նվազման վերաբերյալ մտավախությունները»։
Սոյայի և ռապսի յուղերի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ-ում և Եվրամիությունում կենսավառելիք արտադրողների ակտիվ պահանջարկի պայմաններում։ Արևածաղկի յուղի գներին աջակցել է Սևծովյան տարածաշրջանում առաջարկի շարունակվող սահմանափակությունը, մինչդեռ Արգենտինայում դրանք որոշակիորեն թուլացել են վերամշակման ծավալների ավելացման և, որպես հետևանք, արտահանման պաշարների աճի պայմաններում։
Մսի գների ինդեքսը ապրիլին, մարտի համեմատ, աճել է 1,2%-ով, իսկ տարեկան կտրվածքով աճը կազմել է 6,4%։ Թանկացել են մսի բոլոր տեսակները, բացի ոչխարի մսից, որի գները պահպանվել են կայուն մակարդակում։ Տավարի մսի գները հասել են նոր առավելագույնի՝ Բրազիլիայում արտահանման գների աճի ֆոնին։ Գների ամրապնդման լրացուցիչ գործոն է եղել համաշխարհային բարձր պահանջարկը, նախևառաջ՝ Չինաստանի կողմից։ Խոզի մսի գները աճել են Եվրամիությունում գների բարձրացման պատճառով, թեև այդ աճը մասնակիորեն չեզոքացվել է Բրազիլիայում գների նվազմամբ։ Թռչնամսի գները բարձրացել են Բրազիլիայում գների ամրապնդման ֆոնին. աֆրիկյան մի շարք երկրների կողմից ակտիվ պահանջարկը ավելցուկով փոխհատուցել է Մերձավոր Արևելքի երկրների կողմից գնումների ծավալի նվազումը, որտեղ լոգիստիկ և տրանսպորտային սահմանափակումների պատճառով մատակարարումները ստիպված են եղել վերաուղղորդել Կարմիր ծովով։
Կաթնամթերքի գների ինդեքսն անցյալ ամիս 1,1%-ով ցածր է եղել մարտյան ցուցանիշից և 21,2%-ով ցածր, քան նախորդ տարվա ապրիլին։ Դա հիմնականում պայմանավորված է կարագի և պանրի համաշխարհային գների անկմամբ, ինչը լիովին փոխհատուցել է անյուղ կաթի փոշու գների շարունակվող աճը՝ ամբողջական կաթի փոշու ընդհանուր առմամբ կայուն գների պայմաններում։
Շաքարի գների ինդեքսն ապրիլին, մարտի համեմատ, նվազել է 4,7%-ով, իսկ տարեկան կտրվածքով այն եղել է 21,2%-ով ցածր։ «Այդ ինդեքսի անկումը հիմնականում կապված էր Ասիայի հիմնական արտադրող երկրներում, նախևառաջ՝ Չինաստանում և Թաիլանդում, արտադրության ավելի բարենպաստ կանխատեսումների հետ։ Բրազիլիայի շաքարեղեգի մշակման հիմնական հարավային շրջաններում նոր բերքահավաքի մեկնարկը՝ բարենպաստ եղանակային պայմանների ֆոնին, նույնպես ուժեղացրել է շաքարի համաշխարհային գների վրա ընդհանուր նվազեցնող ճնշումը»,- ասված է զեկույցում։