Ով ինչպես սկսեց քարոզարշավը – Հրապարակ

Այսօր մեկնարկեց հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ 19 քաղաքական ուժերը ունեն 29 օր ընտրողների վստահության քվեն ստանալու համար։ Քարոզարշավը կավարտվի հունիսի 5-ին, իսկ հունիսի 6-ին լռության օր է։

Նշենք, որ ընտրելու իրավունք ունի 2 մլն 482 հազար 872 քաղաքացի։ Ամփոփում ենք քարոզարշավի առաջին օրը․

«Ռեֆորմիստներ» կուսակցությունն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ տեղի ունեցավ կուսակցության 7 կետերից կազմված նախընտրական ծրագրի պաշտոնական ներկայացման արարողությունը։ Ասուլիսին հաջորդեց քայլարշավը Երևանի կենտրոն վարչական շրջանում։

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը քարոզարշավի մեկնարկեց ոչ սովորական ձևով՝ «ցեխ շպրտելով»։ Կուսակցությունը նման ակցիան հիմնավորում է նրանով, որ քարոզարշավի պարտադիր մասը «ցեխ շպրտելն» է միմյանց վրա։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը պաշտոնական քարոզարշավը սկսեց առավոտյան Ազգային ժողովի շենքի մոտ հրավիրված մամուլի ասուլիսով։ Իսկ երեկոյան ժամը 19։00-ին Հաղթանակ զբոսայգում՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ հանրահավաք։ Հանրահավաքից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմնակիցները Հաղթանակ զբոսայգու տարածքից երթով շարժվեցին դեպի Սամվել Կարապետյանի առանձնատուն։ Իր տան բակից Սամվել Կարապետյանն իր առաջին հրապարակային ելույթը ունեցավ, կոչով դիմելով համակիրներին։

Հայաստանի Շնորհապետական կուսակցությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ այսօր քարոզարշավ չի իրականացրել։ Քանի որ քարոզարշավի առաջին օրը համընկնում էր Շուշիի ազատագրման օրվա հետ, կուսակցության անդամները Եռաբլուր պանթեոն են այցելել՝ հարգելու հայրենիքի համար նահատակվածների հիշատակը։Կուսակցությունը պաշտոնական քարոզարշավը մեկնարկելու է վաղը՝ Գյումրիից։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունից Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր քարոզարշավի ոչ թե առաջին, այլ հերթական օրն է․«Ինչպես շատ ուժեր, մենք էլ քարոզարշավը շաբաթներ առաջ ենք սկսել։ Այսօր էլ ինչպես նախորդ օրերը իրականացրել ենք մեր քարոզարշավը՝ հիմնականում սոցցանցերի միջոցով։ Այսօր էլ սպասեք հերթական հրապարակմանը»։ Նա նաև նշեց, որ նախատեսում են նաև մարզային հանդիպումներ, ինչպես նաև երևանում բակային հանդիպումներ։

«Միասնության թևեր» կուսակցությունը քարոզարշավը սկսել է Գոշավանքից։ Այս ընտրությունը պատահական չէ։ Այստեղ է ապրել և ստեղծագործել Մխիթար Գոշը, մարդ, ով դարեր առաջ խոսում էր արդարության, օրենքի և մարդու արժանապատվության մասին։ Այն արժեքների, որոնց կարիքը Հայաստանը ունի նաև այսօր։ Տեղի ունեցավ նաև Արման Թաթոյանի ճեպազրույցը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ինչպես նախորդ օրերին, այսօր ևս մարզային հանդիպումներ է ունեցել։ Այսօր ուղղությունը Արարատի մարզն էր։ Հանդիպումների ընթացքում լսել է քաղաքացիներին հուզող խնդիրները, ներկայացրել դրանց լուծման իրենց տեսլականները։

«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ այցելել է հոգևոր մայրաքաղաք՝ Սուրբ Էջմիածին։ Այնուհետև տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որից հետո կուսակցության անդամները շրջել են Կենտրոն վարչական շրջանով, այցելել Մատենադարան։ Բևեռի քարոզարշավը շարունակել է Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջաններում։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը այսօր ակտիվ քարոզարշավ չի իրականացրել։ Միայն վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն է ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել առաջիկա ընտրությունների, իրենց անելիքների մասին։ Վաղը ժամը 11։00 կուսակցության անդամները այցելելու են Հաղթանակի զսբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հաղթանակները կերտած հերոսների հիշատակին:

«Հանրապետություն» կուսակցությունը այսօր քարոզարշավ է իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Կուսակցության անդամները Արամ Սարգսյանի գլխավորությամբ շրջել են փողոցներով, ողջունել քաղաքացիներին, թռուցիկներ բաժանել։

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը քարոզարշավի պաշտոնական մենարկը տվել է Խոր Վիրապում, որտեղ հանդիպել են քաղաքացիների հետ, ներկայացրել իրենց ծրագրերը։ Այնուհետև կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան «Հայացք Երևանից» հաղորդաշարի եթերում հայտարարեց, որ ամեն օր ժամը 19։00-ին եթերում կլինի, ամփոփելու քարոզարշավի օրը, ներկայացնելու խնդիրներն ու դրանց լուծման իրենց տեսլականը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկեց Տավուշի մարզսից։ Կուսակցության ներկայացուցիչները Ոսկեպար էին այցելել։

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տալու է վաղը՝ մայիսի 9-ին, ժամը 10։30-ին՝ Հաղթանակի զբոսայգուց, որտեղ հարգանքի տուրք են մատուցելու։ Այնուհետև շարժվելու են դեպի Եռաբլուր։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից։ Նիկոլ Փաշինյանի թիմը հանդիպումներ է ունեցել Գորայք, Անգեղակոթ, Բռնակոթ, Սիսիան, Կոռնիձոր, Տեղ, Խնձորեսկ, Գորիս և Շինուհայր բնակավայրերում։

«Հայաստան» դաշինքը քարոզարշավը մեկնարկեց Էջմիածին քաղաքից։ Կուսակցության ներկայացուցիչները Էջմիածնում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այցելել են նաև Մայր աթոռ։

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկեց Աշտարակ խոշորացված համայնքից։ Կուսակցության անդամներ հանդիպումներ ունեցան Օհանավան, Կարբի և Աշտարակ բնակավայրերում։ Օրը ամփոփեցին Ներսես Աշտարակեցու հրապարակում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը իր նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Երասխից։ Երասխից հետո կուսակցության անդամները երիտասարդների հետ հանդիպում ունեցան։ Աղվերանում, Ռեստարտ քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Ռեֆորում 2026»-ի շրջանակում, Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը պատասխանեցին երիտասարդների ամենատարբեր հարցերին՝ անվտանգությունից ու արտաքին քաղաքականությունից մինչև կրթություն և պետության ապագայի տեսլական։

Վաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այցելելու են Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր զինվորական պանթեոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *