Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 8-ին Կրեմլում բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում Հաղթանակի օրվա նախաշեմին, հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակը Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների մեծ ընդհանուր նվաճումն է։
«Դա մեր այնպիսի ձեռքբերումն է։ Դա և՛ ռուսների, և՛ բելառուսների, և՛ Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների ժառանգությունն է։ Չէ՞ որ բոլորն են կռվել (թեկուզ պատերազմը ոչ բոլորի դուռն է հասել) և զոհվել են տասնյակներով, հարյուրներով, հազարներով»,- նշել է նա։
Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել նրանց դիրքորոշմանը, ում հետ նախկինում ապրել են նույն պետության մեջ, սակայն որոնք ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ընդունել այս տոնը։ «Ես, այնուամենայնիվ, չեմ կարողանում ազատվել այն մտքից՝ մեր որոշ բարեկամներ, հարևաններ, ում հետ մենք ապրել ենք նույն պետության մեջ, ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ընդունել այս տոները։ Հատկապես մեր հարևանները։ Միշտ հարց է առաջանում՝ վերջապես ինչո՞ւ են նրանք դա անում»,- նշել է նա։
Իր հերթին Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մեկին պաշտոնապես չի հրավիրել։ «Մենք պարզապես ասել ենք, որ ուրախ կլինենք տեսնել բոլորին, ովքեր կցանկանան գալ։ Դա հատկապես արդիական և բնական է այսօրվա իրավիճակում։ Նկատի ունեմ նաև անվտանգության ապահովման հարցերը»,- նշել է նա։