Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Մետաղների հետազոտրության ինստիտուտի հետազոտական խումբը մշակել է «ամբողջությամբ երկաթե» հոսքային մարտկոցի տեխնոլոգիա։ Դրա ստեղծումը պայմանավորված է տնտեսական առավելությամբ՝ երկաթը 80 անգամ ավելի էժան է, քան լիթիումը, այն շատ ավելի հեշտ է արդյունահանել։ Աշխարհն էներգիայի կոմպակտ կուտակիչների ավելի մեծ կարիք ունի, ուստի էժան մարտկոցների պահանջարկը հսկայական է։
Մարտկոցների գլխավոր թերությունը՝ ակտիվ նյութերի դեգրադացիան և դրանց արտահոսքը թաղանթների միջով, վերացնելու համար չինացի գիտնականները ստեղծել են նոր համալիր երկաթի հիման վրա։ Այն ունի հսկայական և կոշտ մոլեկուլներ, որոնք դժվար է ֆիզիկապես քայքայել, փոխանցել է «Տեխկուլտ»-ը։ Բացի այդ, դրանք ունեն ուժեղ բացասական լիցք, որի շնորհիվ վանում են թաղանթով ներթափանցող մասնիկները։
Մարտկոցը զարմանալի բնութագրեր ունի․ օրինակ, փորձարկումների ընթացքում այն դիմացել է 6 000 լիցքավորման-լիցքաթափման ցիկլի՝ առանց հզորության կորստի և պահպանելով 99,4 տոկոս հերմետիկություն։ Դա համարժեք է 16 տարվա ամենօրյա աշխատանքին, բայց առանց ակտիվ նյութերի արտահոսքի կամ վնասակար կողմնակի արտադրանքի առաջացման ռիսկի։ Նույնիսկ բարձր ելքային հզորության դեպքում այն պահպանել է իր էներգետիկ արդյունավետության 78,5 տոկոսը, ինչն ընդգծում է տեխնոլոգիայի հուսալիությունն ու երկարակեցությունը։
Այժմ մնում է լուծել «դենդրիտների»՝ փոքրիկ ասեղանման բյուրեղների դասական խնդիրը, որոնք կարող են մարտկոցի կարճ միացում առաջացնել։ Սա լրջորեն խոչընդոտում է մեծ հզորությամբ հոսքային մարտկոցների ներդրմանը կառուցվող տվյալների կենտրոնների կարիքների համար։ Սակայն չինացի գիտնականները վստահ են՝ երկաթե միջուկի առանձնահատուկ կառուցվածքի շնորհիվ իրենց մարտկոցը պաշտպանված է այս բացասական ազդեցությունից։ Ժամանակը և նոր մարտկոցների իրական շահագործումը ցույց կտան, թե որն է ճիշտ։