Թուրքական «զուգադիպություն»․ Փաշինյանը սրտիկի ժեստը Էրդողանի մրցակցի՞ց է կրկնօրինակել

Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր նախընտրական ժեստը «սրտիկն» է, որն այս օրերին ամենուրեք կարելի է հանդիպել։ Իշխանականներն, իրենց պնդմամբ, դրանով իրենց սերն են փոխանցում հասարակությանը․ Փաշինյանն ամեն առավոտ սոցցանցերում այդ ժեստով տեսանյութեր է հրապարակում ու մարդկանց քաղաքացիներին բարի օր մաղթում, կուսակիցներն էլ կրկնում են դա, ավելին՝ «սրտիկն» ընդգրկվել է անգամ կուսակցության նախընտրական պաստառի վրա։

Առաջին հայացքից իհարկե ողջունելի է, որ իր կառավարման 8 տարում հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանած, ընդդիմադիրներին պատերին ծեփելու և ասֆալտին փռելու սպառնալիքներ հնչեցրած, Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ նախաձեռնած (շարքը դեռ երկար կարելի է թվել) քաղաքական ուժն այս անգամ որոշել է հասարակությանը սեր փոխանցել, չնայած, հանուն արդարության պետք է ասենք, որ քաղաքական հակառակորդների հանդեպ ագրեսիվ հռետորաբունությունից չի հրաժարվել կամ չի ցանկանում հրաժարվել։ Վստահ ենք, որ ՔՊ-ի համար աշխատող քաղտեխնոլոգները մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի նման մի ժեստ գտնեն, որով քիչ թե շատ հնարավոր կլինի մեղմել հասարակության մեղմ ասած ոչ բարյացկամ վերաբերմունքը հիշյալ այս ուժի նկատմամբ, որի որոք կորցրել ենք Արցախը, բայց «գտել ենք Հայաստանը», և այլն (այս շարքը ևս շարունակելի է․․․):

Նկատենք սակայն, որ «սրտիկի» ժեստը, որը դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անբաժան բաղադրիչը, առաջին անգամ Հայաստանում չի կիրառվել։ Ընթերցողներից շատերը մտածեցին, որ այն կիրառվել է եվրոպական որևէ երկրում, քանի որ Նիկոլ Փաշինյանն ու իր առաջնորդած ուժը մեզ տարբեր առիթներով եվրոպական ապագա են խոստանում, ավելին՝ համապատասխան օրենք են ընդունում, որը հանրության որոշակի շերտերի շրջանում ընկալվում է որպես Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի սկիզբ, թեպետ ԵՄ-ից չեն շտապում Հայաստանին ոչ միայն իրենց շարքերն ընդունել, այլև գոնե իրենց շուկաները բացել հայ արտադրողների համար, ինչը թույլ կտար գոնե մեղմել Ռուսաստանից ունեցած տնտեսական կախվածությունը։

Ցավոք սրտի, մեր ընթերցողների այդ հատվածին պետք է հիասթափեցնենք՝ ասելով, որ «սրտիկի» ժեստն ակտիվորեն կիրառվել է Թուրքիայում՝ 2023 թվականին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ՝ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլչըդարօղլուի կողմից։ Քըլըչդարօղլուն ու իր թիմակիցները ողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ կիրառում էին այս ժեստը, որը դարձել էր ընդդիմության գլխավոր խորհրդանիշը․

Եթե այս իրողությունն ու հրապարակված լուսանկարները մեր ընթերցողներին զարմացրին, ապա մենք առանձնապես չզարմացանք դրանից, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ ՔՊ-ի տարբերանշանները, սիմվոլներն ու կարգախոսները իրենց թուրքական կրկնօրինակներն են ունենում։ Oragir.News-ը դեռ 2023-ի սեպտեմբերին՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, պարզել էինք, որ ՔՊ-ի «Ասե՛ք, կանե՛նք» կարգախոսը գրեթե նույնությամբ կրկնում էր 2019 թվականի ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցության «Արել ենք այն, ինչ ասել եք» կարգախոսը։ Ընդ որում, ընտրությունների արդյունքներն էլ նման էին իրար․ ինչպես Երևանում, այնպես Ստամբուլում քաղաքացիների քվերկության արդյուքներով հաղթեց ընդդիմությունը, սակայն իշխանությունը չհամակերպվեց այդ իրողության հետո ու այն խմբագրեց՝ քաղաքագլուխ կարգելով սեփական թեկնածուին։

2021-ի ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ն մասնակցում էր «Ապագա կա» կարգախոսով, որը նույնպես Թուրքիայում իր նախադեպն ունեցել էր։ 2019-ի նոյեմբերին Թուրքիայում գործող պրոիշխանական «Կրկին բարօրություն» կուսակցությունն ընտրել էր «Այստեղ ապագա կա» կարգախոսը, որը ՔՊ-ն ենթադրաբար թարգմանել և տեղայնացրել է հայկական իրականությունում։

Բացի այդ, պնդումներ կան, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբերանշանը ևս կրկնօրինակված է թուրքական տեղական արտադրության ապրանքների տարբերանշանից։ Սրա մասին իշխանության ներկայացուցիչներն ու նրանց քարոզիչները չեն սիրում խոսել, պնդում են, որ դա զուգադիպություն է, սակայն վերոհիշյալ օրինակները փաստում են, որ զուգադիպությունները մի փոքր շատ են․․․


Այսպիսով՝ փաստենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ու նրա համար աշխատող քաղտեխնոլոգները «սրտիկի» ժեստը պատահմամբ կամ միտումնավոր կրկնօրինակել են Թուրքիայից, որտեղ այն ակտիվորեն կիրառվում էր 2023-ի նախագահական ընտրապայքարի ժամանակ՝ ընդդիմության կողմից։

Գուցե Նիկոլ Փաշինյանն այստեղ խնդիր չէ տեսել, ինչպես օրինակ մի առիթով ասել էր, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում, սակայն պետք է տխրեցնենք նրան՝ հիշեցնելով, որ «սրտիկի» ժեստը Թուրքիայի ընդդիմությանն ու նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին հաջողություն չբերեց․ ընտրություններում նախագահի պաշտոնում վերընտրվեց Էրդողանը, նրա առաջնորդած դաշինքը մեծամասնություն ստացավ նաև խորհրդարանում։

Ենթադրում ենք, որ Փաշինյանը, ով սիմվոլիկային մեծ ուշադրություն է դարձնում, պետք է հրահանգի անհապաղ հրաժարվել այդ ժեստից, որը Թուրքիայի ընդդիմությանը պարտություն է բերել։ Եթե այնուամենայնիվ Փաշինյանը չհրաժարվի «սրտիցից», ապա նա անուղղակի կերպով կհաստատի այն պնդումները, որ ինքը ցանկանում է հեռանալ իշխանությունից ու այժմ զբաղված է անվտանգության երաշխիքների փնտրտուքով։

Դավիթ Գույումջյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *