Հաղթանակը նախ և առաջ ազգային գիտակցություն է ու պետական նպատակադրում․ Genesis Armenia

Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ միայն անցյալի հաղթանակների հիշատակի օր չէ։ Այն ազգային կամքի, ինքնապաշտպանության և հայրենատիրության խորհրդանիշ է․ ասված է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարությունում։

«Շուշիի ազատագրումը, Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովրդի մասնակցությունն ու հաղթանակը, Արցախի պաշտպանության տարիները մեկ ընդհանրություն ունեն՝ հայ մարդը հաղթել է այն ժամանակ, երբ ունեցել է ազգային նպատակ, պետական մտածողություն և սեփական հողի վրա ազատ ապրելու կամք։

Այսօր Եռատոնի խորհուրդը խեղված է։ Արցախը բռնազավթված է, հայկական պետականությունը կանգնած է անվտանգային, ժողովրդագրական և քաղաքական լրջագույն սպառնալիքների առաջ, իսկ ազգային շահը հաճախ փոխարինվում է պարտվողական մտածողություն սերմանելու և իրականացնելու համակարգված քայլերով, պատմական հիշողության մոռացմամբ, ներկայի գոյութենական մարտահրավերների սխալ գիտակցմամբ, ազգային ինքնության կործանարար նահանջով։

Բայց նույնիսկ այս պայմաններում Մայիսի 9-ը չի կորցնում իր խորհուրդը։

Այն մեզ հիշեցնում է, որ հաղթանակը միայն ռազմական արդյունք չէ։ Հաղթանակը նախ և առաջ ազգային գիտակցություն է, պետական նպատակադրում, ինստիտուտների գաղափարական ու գործընթացային համակարգում։ Հաղթանակը սեփական պատմության հանդեպ հավատարմությունն է, պետականության պահպանման կամքն ու ջանքը, հայրենիքի գաղափարի նկատմամբ պատասխանատվությունը, սերունդներին ազատ ու իրական անկախ պետություն փոխանցելու, արդար, անժամանցելի խլված ազգային իրավունքներին վերատիրանալու պատմական հանձնառությունը։

Հայ ժողովուրդը պատմության ընթացքում բազմիցս կանգնել է գոյաբանական վտանգների առջև, բայց չի վերացել, որովհետև ունեցել է վերականգնվելու և վերածնվելու ուժ։ Այդ ուժի հենասյուները եղել են համամարդկայինով սնվող ազգային արժեհամակարգը, հավաքական հիշողությունն ու ջանքը, հայրենի հողի նկատմամբ անմնացորդ նվիրումը։

Մայիսի 9-ը մեզ համար պետք է դառնա ոչ թե միայն անցյալի հիշողության, այլ ազգային հաղթանակների վերակերտման օր։
Ազատ ու անկախ ապրելու ձգտումը, հայրենատիրությունը և ազգային պետություն ունենալու գաղափարը եղել և մնում են հայության գոյության առանցքային նպատակները։

Փառք բոլոր նրանց, ովքեր պայքարել են հանուն հայրենիքի։ Եվ պատասխանատվություն՝ բոլորիս, որպեսզի հայ ժողովուրդը կրկին դառնա իր պատմության և իր պետության տերը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *