Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է։
Հաղորդաշարի շրջանակներում Հակոբ Բադալյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած վերջին այցի, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հրապարակային հատվածում հնչած շեշտադրումների, Ռուսաստանի սպառնալիքների, գործնականում դրանց կիրառության հավանականության, Հայաստանում տիրող նախընտրական մթնոլորտի, հիմնական ընդդիմադիր դերակատարների աշխատանքի, Փաշինյանի կոմից հանրությանը պատերազմով շանտաժ անելու քաղաքականության, Փաշինյանի ագրեսիվ խոսույթի, Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված հրադադարի, «Թրամփի ուղու» ճակատագրի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Հակոբ Բադալյանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանի խնդիրը բարդանում է, քանի որ ընդդիմադիր հիմնական դերակատարը՝ Սամվել Կարապետյանը չի հայտնվում նրա ծուղակում։
«Եթե ընդդիմադիր հիմնական առաջատար կամ հաջողության հավակնորդ, հնարավորություն ունեցող ուժերը շարունակեն գործել այն տրամաբանությամբ, որով մինչև հիմա, այսինքն՝ իրենց հիմնական գործընկեր և աշխատանքային ուղղություն դիտարկել հանրությանը և ոչ թե ճակատային դիմադրություն Նիկոլ Փաշինյանի հետ, ապա այս պարագայում կարծում եմ՝ իշխանությանը չի հաջողվի այդ մեկ զամբյուղը ստանալ, մեկ փաթեթը ստանալ, որն իր համար առավել հարմարավետ տարբերակն է: Այստեղ կան մի քանի խնդիրներ․ ես առիթ եմ ունեցել բազմիցս ասելու, որ Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքական այս կոնֆիգուրացիայում էապես բարդացնում է իշխանության մանևրը՝ այդ «նախկիններ-ներկաներ», հայտնի թալանի հարց և այլն, այդ հայտնի բանաձևերով, որովհետև դա, շատ մեղմ ասած, բարդ է աշխատեցնել Սամվել Կարապետյանի պարագայում, իսկ Կարապետյանն ակնհայտորեն ստանձնել է ընդդիմադիր դաշտում առաջատարությունը։
Եվ հիմա այդ պարագայում ինչպե՞ս պետք է իշխանությունն իր համար հարմարավետ գոտին վերականգնի՝ բոլորին մեկտեղ հավաքելով և փորձելով ներկայացնել, որ Սամվել Կարապետյանն իրականում մյուս ուժերի կամ «նախկինների» այսպես ասած նոր փաթեթավորումն է: Բայց երբ Սամվել Կարապետյանը իր հիմնական աշխատանքային ուղղությունը դիտարկում է ոչ թե Փաշինյանի հետ էդ ճակատային դիմադրությունը՝ առավել ևս իր համար հարմարավետ «ոճով», գիտենք, թե այդ ոճը չակերտավոր ինչպիսին է, այլ աշխատում է հասարակությանը, այդ շատ կոնկրետ հանրությանը հուզող թիրախային ուղղություններով և չի հայտնվում այն ծուղակում, որը փորձում է ստեղծել Նիկոլ Փաշինյանը, այստեղ այդ խնդիրը բարդանում է․ միավորել, ներկայացնել, որ մի զամբյուղ է, մեկն է, բոլորը նույն դեմքով են և այլն:
Եվ եթե կրկնեմ՝ շարունակությունը լինի հենց նույն հետևողականությամբ, հանրության հետ աշխատանքը համարվի գլխավոր ուղղությունը, կարծում եմ՝ այստեղ ընդդիմադիր ուժերի շանսերը բավականին մեծ են»,- ասաց նա:
Քաղաքական մեկնաբանը շեշտեց նաև՝ Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը «սնվում է» ագրեսիայով։
Մանրամասները՝ հարցազրույցում․