Մայիսի 6-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գրանդ Սպորտ»-ի մոտից 2 երիտասարդ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com–ը։
Հիվանդանոցում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 23-ամյա Էմին Ս․-ն և 22-ամյա Արգիշտի Ս․-ն։ Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ մայիսի 5-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում Էմին Ս․-ն 17-ամյա քրոջ հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարել է ոմն Վիկտորին և պայմանավորվել են հանդիպել «Գրանդ Սպորտի» դիմացի հատվածում, որից հետո Էմին Ս․-ն և Արգիշտի Ս․-ն գնացել են նշված վայր և հանդիպել ոմն Վիկտորին և նրա ընկերներին, որոնք առանց որևէ բան ասելու սկսել են ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել վերջիններիս մարմնի տարբեր մասերին և հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ ոմն Վիկտորի և մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։ Կայքի տեղեկություններով՝ բուժօգնության տեղափոխվածները հարազատ եղբայրներ են։