«Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով». Արշակ Կարապետյան

«Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով». Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ,
     գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ուղերձը․ «Սիրելի՜ հայրենակիցներ, Հայրենական Մեծ պատերազմի մեծարգո՜ վետերաններ, շնորհավորում եմ Ձեզ Մեծ Հաղթանակի 81-րդ տարեդարձի և Խաղաղության տոնի կապակցությամբ։
     Այսօր՝ մայիսի 9-ին, մենք խորին հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և նրանց, ովքեր թիկունքում կերտել են Մեծ Հաղթանակը, գլուխ ենք խոնարհում ֆաշիզմի դեմ մարտերում՝ հանուն Հայրենիքի խաղաղության և անդորրի զոհվածների հիշատակի առջև:
     Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով: Սա առաջին հերթին կապված է 2020թ. 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների հետ, Արցախի կորստով և Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող ագրեսիվ քաղաքականությամբ: Միջազգային փոթորկալից իրադրությունն ավելի է սրում այդ իրավիճակը, որովհետև մեր տարածաշրջանի անվտանգային համակարգերը դեֆորմացված են:
     Ներկայիս ցավալի իրականությունը, որը վերջին տարիներին վշտի ստվեր է գցել բոլորիս սրտերի վրա, քիչ առիթներ է տալիս ազգային կամ հայրենասիրական ուրախության համար։ Սակայն սա չպետք է դառնա պատճառ մեր հերոսական անցյալը մոռացության անդունդը նետելու, ինչպես նաև լուսավոր ապագայի հույսը թողնելու համար՝ հույս, որը ուժ է ստանում անցյալ տասնամյակների ազգային նվաճումներից։
     Թող մեր ազգային կորուստները չխամրեն ո՛չ մեր հաղթանակների, ո՛չ էլ իրենց կյանքը զոհաբերած և դրանց հասնելու համար պայքարած հերոսների հիշողությունը։ Թող այս հիշողությունը զորացնի մեզ և ոգեշնչի մեզ նոր վճռականության ուղի կերտելու, որպեսզի մեր ազգի համատեղ տոնակատարությունները շարունակվեն։
     Այս իրավիճակում Հայրենիքի համար իրենց կյանքը տված նահատակների առաջ մեր ամենամեծ պարտավորությունը մեր պետականության ուժեղացումն ու զորացումն է, և այս ծրագրի մաս պիտի լինի մեր տարածաշրջանում մեր հարաբերությունների կարգավորումը:
     Սիրելիներ, թող այս օրը ևս մեկ առիթ լինի աղոթելու մեր ժողովրդի այն որդիների և դուստրերի համար, ովքեր անցյալի փառքի կենդանի վկաներն են։
     Մեր սիրելի՜ վետերաններ, մենք խոնարհվում ենք Ձեր առջև, մաղթում ենք Ձեզ առողջություն և բարեկեցություն։
     Շնորհավոր Մեծ Հաղթանակի և Խաղաղության տոնը։
     Պատիվ ունեմ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *