Թրամփի որդին հերքել է World Liberty Financial կրիպտոնախագծից ընտանիքի հեռանալու լուրերը

Դոնալդ Թրամփ կրտսերը հերքել է տեղեկությունները, թե Դոնալդ Թրամփի ընտանիքը լքել է World Liberty Financial կրիպտոնախագիծը։

Ավելի վաղ նախագծի կայքում Դոնալդ Թրամփը և նրա որդիները նշված էին որպես համահիմնադիրներ, սակայն վերջերս այդ տեղեկությունը անհետացել էր, ինչից հետո սոցիալական ցանցերում սկսեցին շրջանառվել նախագծից ընտանիքի դուրս գալու մասին լուրեր։

Թեման քննարկվել է Consensus համաժողովի ընթացքում Մայամիում, որտեղ ելույթ են ունեցել Դոնալդ Թրամփ կրտսերը և Զաք Ուիտկոֆը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի որդին և նախագծի համահիմնադիրը։

Քննարկման ընթացքում Ուիտկոֆը նշել է, որ տեսել է սոցիալական ցանցերում հրապարակումներ, թե Դոնալդ Թրամփ կրտսերը և Էրիկ Թրամփը հրաժարվել են նախագծից։

Ի պատասխան՝ Թրամփ կրտսերը հայտարարել է, որ այդ տեղեկությունը «իր համար նույնպես նորություն էր»։

Դոնալդ Թրամփ կրտսերի խոսքով՝ լուրերը տարածվել են մարդկանց և բոտերի կողմից, որոնք «կուրորեն կրկնում են իրենց փոխանցվող տեղեկությունները»։

Նա հավելել է, որ դժվար թե ներկա գտնվեր այդ բեմում, եթե ընտանիքն իրականում դուրս եկած լիներ նախագծից։

Իր հերթին Զաք Ուիտկոֆը հաստատել է, որ Դոնալդ Թրամփի որդիները՝ Դոնալդն ու Էրիկը, շարունակում են մնալ World Liberty Financial նախագծի համահիմնադիրներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *