
1988-ից սկսած, մեր երկրի քաղաքական կյանքում ինչ «ջուռի» մարդ ասես, որ չտեսանք։ Է՛լ փարիսեցիներ, է՛լ ծախողներ ու ծախվողներ, է՛լ ժողովրդի ցավը տանող մորթապաշտներ, պարտված նվիրյալներ․․․
Էս բեռով եկանք-հասանք մեր օրերը։ Եվ հեռանկարում կանգնած ենք «լինել, թե չլինել» շեքսպիրյան դիլեմայի առաջ։ Ցուրտ ու մութ (կավելացնեի՝ կիսաքաղց) տարիների ճարտարապետ Լ․ Տեր-Պետրոսյանն այսօր՝ ցավին անտարբեր, դավին անհաղորդ, իր «վաստակած» հանգիստն է վայելում շքեղ առանձնատանը։ Նրա օրոք ԿԲ նախագահ աշխատած Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ որոշ տգետներ հնարեցին այդ՝ «ցուրտ ու մութ տարիներ» ասվածը (էլ ցինիկը ո՞նց է լինում)։ «Տգետս» հիշում է նաեւ Մարտի 1-ի հետ կապված՝ ԼՏՊ-ի ու Ալ․ Արզումանյանի ինքնախոստովանական հեռախոսազրույցը, որին իրավապահները, չգիտես ինչու, չարձագանքեցին։
Միքայել Մինասյան (Միշիկ) անունով մեկը կա, որը տարիներ առաջ դարակազմիկ բացահայտումներ էր անում, եւ թիրախում մեծարգոն էր։ Գաղտնի փաստաթղթեր էր հրապարակում՝ ծխախոտի, ադամանդի, երկաթի, թմրանյութի, չգիտես էլ ինչերի մաքսանենգության մասին, ներշնչում, թե՝ հեսա-հեսա եկել է Նիկոլի վերջը։ Խոսքի տակ խորհրդավոր երաժշտություն էր, երբեմն՝ ռեքվիեմ։
Եվ, հանկարծ, էդ մարդը իզով-թոզով կորավ։ Իսկ եղբայրը դարձավ․․․ արդարադատության նախարար։ Դուք ինչ-որ բան հասկացա՞ք։ Ես էլ։
Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդամենը մարդկանց բարեւելով, մազ էր մնում, որ դառնար ՀՀ նախագահ։ Բայց, էսօր կուռկուռի ձագ դարձած ոստիկանապետը, ժողովրդի ընդվզման թեժ պահին առաջնորդին թեւանցուկ տարավ եկեղեցի՝ աղոթելու, ու կռիվ կինոն ավարտվեց։ Հիմա տարին մեկ-երկու անգամ բարեհաճում է ժամանել իր նախնյաց երկիր, պողոսներիս խելք է սովորեցնում ու՝ հայդա՜ ավետյաց ափեր․․․
Ո՞ւր է թոշակառուների սիրելի, ընտրություններին ընդառաջ մուրաբա, օղի բաժանող Արթուր Բաղդասարյանը՝ իր «մարտունակ» թիմով։
Ո՞ւր են երկրից ճողոպրած նախագահ Արմեն Սարգսյանին ձեռք առնող, մեծ-մեծ փրթող «Ադեկվատի» քաջազուն ասպետները։
Ալեն Սիմոնյանի՝ նրանց լիդերի քթին գլխով դիպուկ հարվածից հետո սրանք էլ «մանրից» չքացան։
Այս եւ մյուս «անհետ» կորածներին եկեք չփնտրենք։ Ջուրը բերած, ջուրը տարած․․․
Պոմիդոր աճեցնելու ժամանակը
Իսկապես պատմական եւ բախտորոշ են լինելու սպասվող ընտրությունները ողջ հայության համար։ Որքան մոտենում է հունիսի 7-ը, այնքան տագնապներս շատանում են։ Մեծարգոն մի փորձանք չի՞ բերի ազգիս գլխին։
Չի՞ հիշի պատերազմից հետո ասած՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» սպառնալիքը։ Հուսամ՝ չի համարձակվի։ Անկասկած, անակնկալների եւ փորձությունների բարդագույն շրջան ենք ապրելու։
Վաղամեռիկ Վրեժ Իսրայելյանն իր մի պատմվածքում ասում է․ «Լավ հայերից լավ պետություն չի լինում, լավ պետությունը բոլոր հայերից է լինում»։ Խտացված ու հանճարեղ է։
Գլխավոր հարցը՝ հայի «վերջին խելքը» կաշխատի՞, որ ազատվենք հմտորեն գործած սարդոստայնից, թե՞ կգնանք ինքնաոչնչացման ճանապարհով։
ԱԺ-ում աթոռ մաշող գեներալ-լեյտենանտ Գ․ Մելքոնյանը՝ լրագրողի այն հարցին, թե հաջորդ Ազգային ժողովում չհայտնվելու դեպքում ինչով է զբաղվելու, պատասխանում է՝ բոստանումս պոմիդոր կաճեցնեմ, լավ բերք է տալիս։
Վատ միտք չէ։ Տարոսը՝ իր մյուս բախտակիցներին։
ՀԳ․ Ալեն Սիմոնյանին նվիրված «տղավարի» հաղորդման վերջում, տեղի-անտեղի հռհռացող Եգոր Գլումովը «ուղերձով» դիմում է հեռուստադիտողներին՝ ուրախացե՜ք, ուրախությո՛ւնը կփրկի աշխարհը։ Ի՞նչ անենք, ազգովի չուրախանա՞նք:
ՀԳ 1․ Այս երկարաշունչ նյութը գրելիս մի կպչուն միտք գլխիցս դուրս չէր գալիս։ Ինչո՞ւ կամ ինչպե՞ս Բուլգակովի խելքին փչեց կերտել Շարիկովի անմահ կերպարը․․․
Սիմոն Հակոբյան