Հայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի, ինչպես նաև` ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամ


Աշխարհ


2026թ. ապրիլի 8-ին կայացած ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական Խորհրդի լիագումար նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) անդամ՝ 2027-2029թթ. համար, ինչպես նաև Բնակչության և զարգացման հանձնաժողովի (CPD) անդամ՝ 2026-2030թթ. համար։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

 

«Հայաստանի ընտրությունն արտացոլում է հայաստանյան կողմի աճող ներգրավվածությունն ու հանձնառությունը՝ միջազգային համագործակցության խթանման, արդարադատության համակարգերի ամրապնդման և գլոբալ զարգացման առաջնահերթությունների առաջմղմանը նպաստելու ուղղությամբ։

 

Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովը հանդիսանում է հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակող ՄԱԿ գլխավոր մարմինը։

 

Հայաստանը նաև ընտրվել էր Հանձնաժողովի անդամ՝ 2024-2026թթ. համար և ներկայումս անդամակցում է նշյալ մարմնում։ Վերընտրվելով նոր՝ 2027-2029թթ. ժամանակահատվածի համար Հայաստանը կշարունակի իր ակտիվ ներդրումն ունենալ Հանձնաժողովի աշխատանքներին՝ կառուցողական ներգրավվածության և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով՝ խթանելով երկխոսությունը և փորձի փոխանակումը հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում։

 

Բնակչության և զարգացման հանձնաժողովը կարևոր հարթակ է բնակչության դինամիկայի, ժողովրդագրական միտումների և կայուն զարգացմանն առնչվող հարցերի քննարկման համար։

 

Հայաստանն ակտիվ ջանքեր կգործադրի Հանձնաժողովի շրջանակներում՝ աջակցելով ներառական քննարկումները և նպաստելով համատեղ նախաձեռնություններին, որոնք միտված են գլոբալ մակարդակում բնակչության և զարգացման հիմնարար խնդիրների լուծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *