Բելառուսը գիտի, թե ով է իր թշնամին և հակառակորդը՝ դրանք էսէսականների, բանդերականների և «անտառային եղբայրների» ուղիղ և գաղափարական ժառանգներն են։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Հաղթանակի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու արարողությունից հետո, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Հաղթանակի դրոշն այսօր մեր ձեռքերում է։ Այն սերնդեսերունդ փոխանցելով՝ մենք բոլոր ճակատներում պայքարում ենք այդ պատերազմի մասին ճշմարտության, հաղթողների կարգավիճակի, մեր հողի վրա մեր ճանապարհն ընտրելու ինքնիշխան իրավունքի համար։ Բելառուսները բոլորից լավ գիտեն, թե որքան արագ են «նոր կարգի» մասին կարգախոսները վերածվում կախաղանների, ճամբարների, մոխրակույտերի և անանուն խրամատների։ Եվ թող ֆաշիզմն այժմ ունենա այլ՝ խնամված դեմք, էությունը չի փոխվում։ Մենք տեսնում ենք այդ դեմքը», – ասել է նա։
Նրա խոսքով՝ մեծապետության և սեփական գերազանցության գաղափարներն ուժեղանում են և նոր վերքեր են պատճառում աշխարհին։
«Բայց արդեն մեր սահմանների մոտ։ Մենք գիտենք, թե ով է մեր հակառակորդն ու թշնամին։ Դրանք ժողովուրդները չեն։ Եվրոպայում ապրում են ընտանիքներ, որոնք, ինչպես բելառուսները, պահպանում են հիտլերյան ֆաշիստների սանձազերծած պատերազմի մասին ճշմարիտ հիշողությունը։ Մեր թշնամին ռևանշիստներն են՝ էսէսականների, բանդերականների և «անտառային եղբայրների» ուղիղ և գաղափարական ժառանգները։ Նրանք, ովքեր հենց հիմա դուրս են բերում խորհրդային զինվորների մնացորդները լիտվական Շյաուլյայից և խորհրդային ժողովրդի սխրանքն անվանում առասպել։ Նրանք, ովքեր մեթոդաբար ջնջում են Կարմիր բանակի հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունից և թույլ չեն տալիս մեզ մոտենալ մեր պապերի ու նախապապերի գերեզմաններին։ Այն հուշարձաններին, որոնք դեռ պահպանվել են», – հայտարարել է Լուկաշենկոն։