Ինդոնեզիայում առցանց մոլախաղերի կազմակերպիչների դեմ իրականացված ռեյդի արդյունքում մոտ 300 օտարերկրացի է ձերբակալվել

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում իրականացված լայնածավալ հատուկ գործողության ընթացքում ավելի քան 300 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել՝ առցանց մոլախաղերի կազմակերպման կասկածանքով։ Այս մասին հայտնում է «Associated Press» գործակալությունը։

Սա անօրինական թվային խաղային ցանցերի դեմ ինդոնեզական ոստիկանության իրականացրած ամենախոշոր գործողություններից մեկն է։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ Չայնաթաուն թաղամասի մոտակայքում գտնվող բիզնես կենտրոններից մեկում բերման է ենթարկվել 321 մարդ։ Նախնական տվյալներով՝ այդտեղ է գտնվել ավելի քան 70 առցանց խաղային կայքերի գործառնական կենտրոնը։ Դրանք թիրախավորել են Ինդոնեզիայի սահմաններից դուրս գտնվող խաղացողներին։

Ձերբակալվածների թվում կան Վիետնամի 228 և Չինաստանի 57 քաղաքացիներ, ինչպես նաև Լաոսից, Մյանմայից, Թաիլանդից, Մալայզիայից և Կամբոջայից ներգաղթած անձինք։ Ոստիկանության փոխանցմամբ՝ նրանց մի մասը կատարել է սպասարկման բաժնի օպերատորների, տելեմարքեթոլոգների և ֆինանսական կառավարիչների գործառույթներ։

Իրավապահները առգրավել են տարբեր արժույթներով կանխիկ գումար, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, անձնագրեր և կայքերի կառավարման համար օգտագործվող այլ սարքավորումներ։ Նախնական գնահատականներով՝ ցանցը կարող էր սպասարկել առնվազն 75 խաղադրույքային հարթակ։ Այս պահին մեղադրանք է առաջադրվել 275 ձերբակալվածների նկատմամբ։

Քննությունը նաև պարզել է, որ բազմաթիվ օտարերկրացիներ Ինդոնեզիա են մուտք գործել կարճաժամկետ վիզաներով և շարունակել են աշխատել դրանց ժամկետի լրանալուց հետո։ Նրանց կարող են մեղադրանքներ առաջադրվել անօրինական մոլախաղերի կազմակերպման, փողերի լվացման և միգրացիոն օրենսդրության խախտման համար։ Այս հոդվածներով նախատեսված առավելագույն պատժաչափը կազմում է մինչև 9 տարվա ազատազրկում և խոշոր տուգանքներ։

Վերջին ամիսներին նմանատիպ անդրազգային հանցավոր ցանցեր են բացահայտվել նաև Սուրաբայայում, Բալիում և Բատամ կղզում։ Ինտերպոլի տվյալներով՝ Կամբոջայում և Մյանմայում իրավապահների ճնշումների մեծացումից հետո նմանատիպ կառույցները սկսել են իրենց գործունեությունը տեղափոխել այլ երկրներ, այդ թվում՝ Ինդոնեզիա։

Աշխարհի խոշորագույն մուսուլմանական երկրում՝ Ինդոնեզիայում, առցանց մոլախաղերն արգելված են։ Իշխանությունները հայտարարում են, որ քննությունը շարունակվում է, և չի բացառվում, որ միջազգային հանցավոր ցանցերի հետ կապված նոր ձերբակալություններ կարող են իրականացվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *