Աշխարհի խոշորագույն նավթ արտահանողը հայտնել է առաջին եռամսյակում շահույթի 25%-անոց աճի մասին

«Saudi Aramco» ընկերությունը կիրակի օրը հայտնել է առաջին եռամսյակում գրանցած շահութային 25% աճի մասին։ Այս քայլով ընկերությունը ցույց է տալիս սեփական դիմակայունությունը մի իրավիճակում, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմով պայմանավորված լարվածությունը սահմանափակում է Հորմուզի նեղուցով նավագնացությունը։ Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, պետական նավթային հսկայի «Արևելք-Արևմուտք» նավթամուղն աշխատում է ողջ հզորությամբ և հնարավորինս փորձում է մեղմել մատակարարումների հնարավոր բացասական հետևանքները։

Աշխարհի խոշորագույն նավթ արտահանողն առաջին երեք ամիսների ընթացքում (մինչև մարտի 31-ը) արձանագրել է 32,5 միլիարդ դոլարի զուտ շահույթ՝ գերազանցելով «LSEG»-ի կանխատեսած 30,95 միլիարդ դոլարի ցուցանիշը։

Ընկերության ընդհանուր հասույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 7%-ով՝ հասնելով 115,49 միլիարդ դոլարի։ Այս աճը պայմանավորված է թե՛ հում նավթի, թե՛ վերամշակված նավթամթերքի ու քիմիական արտադրանքի գների և վաճառքի ծավալների ավելացմամբ։

Ամերիկա-իսրայելական հակամարտության ֆոնին Հորմուզի նեղուցի շրջափակումը, որը հանգեցրել է էներգակիրների մատակարարումների կրճատմանն ու գների կտրուկ աճին, դրդել է «Aramco»-ին ավելացնել հում նավթի տեղափոխումը երկրի արևելյան ափից դեպի Կարմիր ծովում գտնվող Յանբու նավահանգիստ։

«Մեր «Արևելք-Արևմուտք» նավթամուղը, որի թողունակությունը հասել է օրական առավելագույն՝ 7,0 միլիոն բարելի, ապացուցել է, որ մատակարարման կենսական նշանակություն ունեցող զարկերակ է, որն օգնում է մեղմել համաշխարհային էներգետիկ ճգնաժամի հետևանքները»,- նշել է «Aramco»-ի գլխավոր տնօրեն Ամին Նասերը։

Նավթամուղը կարող է օրական շուրջ 2 միլիոն բարել մատակարարել Սաուդյան Արաբիայի արևմտյան ափին գտնվող վերամշակման գործարաններին՝ մնացած 5 միլիոն բարելը թողնելով արտահանման համար։

Aramco-ի ճշգրտված եռամսյակային զուտ շահույթը կազմել է 33,6 միլիարդ դոլար՝ գերազանցելով ընկերության վերլուծաբանների միջին գնահատականը (31,16 միլիարդ դոլար)։ Այս ցուցանիշը չի ներառում 1,06 միլիարդ դոլար արժողությամբ ոչ գործառնական հաշվապահական գործարքները։

Այս եռամսյակում կապիտալ ծախսերը չնչին կերպով նվազել են և հասել 12,1 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12,5 միլիարդ դոլարի դիմաց, և կտրուկ անկում ապրել չորրորդ եռամսյակի 13,4 միլիարդ դոլարի համեմատ։ Aramco-ն այս տարվա համար կանխատեսել է 50-55 միլիարդ դոլարի կապիտալ ծախսեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *