Վերջին երկու ամսվա ընթացքում աշխարհը կորցրել է մոտ 1 միլիարդ բարել նավթ, և էներգետիկ շուկաներին ժամանակ կպահանջվի կայունանալու համար (նույնիսկ մատակարարումների վերականգնման դեպքում)։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Saudi Aramco-ի գլխավոր տնօրեն Ամին Նասերը՝ մեկնաբանելով Հորմուզի նեղուցով տեղաշարժի սահմանափակմամբ պայմանավորված նավագնացության ընդհատումները, հաղորդում է Reuters-ը:
«Մեր նպատակը պարզ է. ապահովել էներգիայի մատակարարումը նույնիսկ այն ժամանակ, երբ համակարգը գտնվում է լարվածության մեջ», – ասել է Ամին Նասերը Reuters-ին տված հայտարարության մեջ։ Հարցազրույցը եղել է այն բանից հետո, երբ Aramco-ն հայտնել է առաջին եռամսյակում զուտ շահույթի 25 տոկոս աճի մասին:
Էներգակիրների համաշխարհային մատակարարումները կտրուկ նվազել են Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով, ինչը հանգեցրել է նավագնացության կրճատման և գների աճի։
«Երթուղիների վերագործարկումը նույնը չէ, ինչ շուկայի բնականոն վիճակի վերականգնումը, որը զրկվել է մոտ մեկ միլիարդ բարել նավթից»,- ասել է Նասերը՝ հավելելով, որ տարիներ շարունակ իրականացված անբավարար ներդրումներն է՛լ ավելի են սրել առանց այդ էլ ցածր համաշխարհային պաշարների վրա գործադրվող ճնշումը։
Հորմուզի նեղուցը շրջանցելու և հում նավթը դեպի Կարմիր ծով տեղափոխելու համար Aramco-ն օգտագործել է իր «Արևելք-Արևմուտք» խողովակաշարը։ Նասերն ասել է ,ո ր այդ խողովակաշարը «կենսական նշանակություն» ունի՝ մատակարարումների համաշխարհային ճգնաժամը մեղմելու գործում։
Չնայած առաքման երթուղիների փոփոխություններին՝ Նասերը վերահաստատել է, որ Ասիան մնում է ընկերության հիմնական առաջնահերթությունը և առանցքային դեր է խաղում համաշխարհային պահանջարկի հարցում։