ԱԶԲ–ի նպատակը ոչ միայն ենթակառուցվածքներ ստեղծելն է, այլև Հայաստանում ներառական և կայուն աճ ապահովելը․ Լիա Գուտիերես

«Ասիական զարգացման բանկը Հայաստանի կառավարության հետ հաստատել է գործընկերության նոր ռազմավարություն, որը մեր տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է անցյալ տարի։ Այդ ռազմավարությունը վերաբերում է 2026–2030 թվականներին։ Դրա շրջանակում Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար երեք հիմնական առաջնահերթություն է առանձնացրել»։ Այս մասին Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան համաժողովի շրջանակում NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԶԲ–ի Կենտրոնական և Արտևմտյան Ասիայի տարածաշրջանային վարչության գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե որոնք են Հայաստանի հետ համագործակցության հիմնական ուղիները։

«Այդ առաջնահերթություններն են՝ Հայաստանի տնտեսական մրցունակության ամրապնդումը, ժամանակակից և կլիմակայուն ենթակառուցվածքներում ներդրումները, մարդկային կապիտալի զարգացումը։ Առաջ շարժվելով մենք տեսնում ենք, որ մեր համագործակցությունը պետք է լինի բազմակողմանի։ Իհարկե, տրանսպորտային կապակցվածությունը կարևոր է, բայց մենք նաև տեսնում ենք, որ շարունակական ներդրումները կրթության և առողջապահության ոլորտներում իսկապես բարձրացնում են արտադրողականությունը՝ երկարաժամկետում։ Ընդհանուր առմամբ, Ասիական զարգացման բանկի աջակցությունը նպատակ ունի ոչ միայն ենթակառուցվածքներ ստեղծել, այլև ապահովել ավելի ներառական և կայուն աճ ամբողջ Հայաստանում»,–հավելել է Գուտիերեսը։

Հարցին այն մասին, թե ինչպես է Ասիական զարգացման բանկն աջակցում մասնավոր հատվածի զարգացմանը Հայաստանում, ԱԶԲ ներկայացուցիչը պատասխանել է․

«Ասիական զարգացման բանկում մենք մասնավոր հատվածը դիտարկում ենք որպես Հայաստանում դիմակայուն և ներառական աճի հիմնական շարժիչ ուժ։ Մենք աջակցում ենք դրա զարգացմանը համապարփակ մոտեցմամբ։ Սա ներառում է՝ բիզնեսի համար նպաստավոր միջավայրի ստեղծում՝ քաղաքականանության և կարգավորող բարեփոխումների միջոցով, ֆինանսավորման հասանելիության ընդլայնում՝ հատկապես տեղական արժույթով, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների համար, կանաչ ներդրումների և կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին աջակցություն։ Մենք նաև աջակցում ենք կապիտալի շուկայի զարգացմանը և ուղղակիորեն ներդրումներ ենք կատարում ֆինանսապես կենսունակ մասնավոր նախագծերում։Այս նախագծերը պետք է ցուցադրեն զարգացման զգալի ազդեցություն և ներգրավեն լրացուցիչ մասնավոր կապիտալ»։

Անդրադառնալով հարցին այն մասին, թե որքան կարևոր է տարածաշրջանային համագործակցությունը ԱԶԲ-ի համար Հարավային Կովկասում, Լիա Գուտիերեսը նշել է․

«Ինչպես արդեն քննարկեցինք, տարածաշրջանային համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հարավային Կովկասի և Կենտրոնական ու Արևմտյան Ասիայի ընդհանուր աճի ներուժը բացահայտելու համար։ Ասիական զարգացման բանկն ակտիվորեն խթանում է փոխգործակցությունը տրանսպորտային միջանցքների միջոցով, որոնք մենք կցանկանայինք վերածել տնտեսական միջանցքների, իհարկե, առևտրի ընթացակարգերի պարզեցման և էներգետիկ կապերի միջոցով։ Մենք գիտակցում ենք, որ ավելի սերտ տնտեսական ինտեգրումը նաև մեծացնում է մրցունակությունը և երկարաժամկետ կայունությունը: Այդ պատճառով էլ դուք տեսնում եք, որ մենք ներդրումներ ենք անում Հայաստանում և տարածաշրջանում ենթակառուցվածքային ստեղծման մեջ։ Սա ներառում է տրանսպորտային ցանցեր, օրինակ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհը, որի մասին դուք ավելի վաղ խոսեցիք։ Մենք նաև աջակցում ենք դիմակայուն սոցիալական ենթակառուցվածքներին՝ դպրոցներին և քաղաքային ծառայություններին, որոնք նպաստում են ներառականությանը և մարդկային կապիտալի զարգացմանը։ Այսպիսով, մենք ակնկալում ենք, որ այս ամենը կամրապնդի տարածաշրջանային համագործակցության դերը ՝ որպես կայուն զարգացման և տնտեսական հնարավորությունների ընդլայնման շարժիչ ուժ»:

Լիա Գուտիերեսը նշել է, որ Ասիական զարգացման բանկն անընդհատ զարգանում է՝ արձագանքելու գլոբալ մարտահրավերներին:

«Դրանք են կլիմայի փոփոխությունը, թվային փոխակերպումը և, իհարկե, աճող զարգացման կարիքներն ամբողջ աշխարհում: Այսպիսով, մեր մոտեցումը համատեղում է ֆինանսավորումը գիտելիքների, գործընկերության և նորարարության հետ՝ համապարփակ լուծումներ տրամադրելու համար»։

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում մայիսի 3-6–ը տեղի էր ունենում Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան համաժողովը, որի շրջանակում Սամարկանդ էին ժամանել ԱԶԲ–ի անդամ 69 երկների ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները, փորձագետներ, լրագրողներ։ Համաժողովին մասնակցում էր նաև Հայաստանի ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրտչյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *