Եկեղեցիներից հեռացնելու սպառնալիքներ են եղել, նույնիսկ առաջարկվել է եկեղեցիները փակել հավատացյալների առաջ. Ռուբեն արքեպիսկոպոս Զարգարյան

Լրագրողների հետ զրույցում Մասյացոտնի թեմի առաջնորդ Ռուբեն արքեպիսկոպոս Զարգարյանը հայտարարել է, որ վերջին ամիսներին թեմի և ընդհանուր առմամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացները, իր գնահատմամբ, ցույց են տալիս, որ Հայաստանում իրավական պետության սկզբունքը խաթարված է։

«Ես արդարության, ճշմարտության մասին եմ ասում։ Ով արդարություն չի գործում, Աստծո ժողովուրդ չէ։ Այն, ինչ ներկայացրեց պարոն Զոհրաբյանը, և այն, ինչ այսօր՝ վերջին չորս ամսվա ընթացքում կատարվում է Մասյացոտնի թեմի, ինչպես նաև վերջին մեկ տարվա ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ, խոսում է մի բանի մասին՝ մենք իրավական պետություն չենք»,- ասել է Ռուբեն արքեպիսկոպոս Զարգարյանը։ Նրա խոսքով՝ տեղի ունեցող գործընթացները «մանրակերտն են» այն իրադրության, թե ինչպիսի երկրում է ապրում հասարակությունը։

«Այն, ինչ կատարվում է մեզ հետ, մանրակերտն է այն իրավիճակի, թե ինչպիսի երկրում ենք ապրում։ Մինչդեռ Սահմանադրությամբ ամրագրված է, որ մեր պետությունը իրավական պետություն է»,- նշել է նա։ Ռուբեն արքեպիսկոպոս Զարգարյանի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է հունվարի 10-ին՝ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությունից հետո, երբ տեղի է ունեցել առաջնորդի փոփոխություն։

«Գործադիր իշխանության ղեկավարը անմիջապես արձագանքեց՝ հրապարակային հայտարարելով, որ չի ճանաչում Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությունը, մինչդեռ խոսքը վերաբերում էր ընդամենը եկեղեցու ներքին կառավարման համակարգին։ Դրան ձայնակցեցին նաև իշխանության մյուս թևերը, և ձևավորվեց դիրքորոշում, թե այդ տնօրինությունը չի ճանաչվում»,- նշել է նա։

Նրա պնդմամբ՝ դրանից հետո գործընթացները շարունակվել են նաև գործնական մակարդակում։

«Գործի են անցել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները՝ քահանաների հետ խոսելու, խոստումներ տալու, որոշ դեպքերում նաև սպառնալու համար։ Ընդհուպ մինչև եկեղեցիներից հեռացնելու սպառնալիքներ են եղել։ Ասվել է՝ եթե չեք ընդունում այդ կեցվածքը, նշանակում է՝ դեմ եք գնում պետության քաղաքականությանը»,- ասել է Մասյացոտն թեմի առաջնորդը։

Նա նշել է, որ որոշ դեպքերում առաջարկվել է ժամանակավորապես փակել եկեղեցիները։

«Որոշ դեպքերում առաջարկվել է եկեղեցիները ժամանակավորապես փակել հավատացյալների առաջ, մինչև այս ամբողջ գործընթացը հանգուցալուծվի։ Սակայն մոտ 20 քահանաներ մնացել են անհողդողդ և չեն նահանջել»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով դատական գործընթացներին՝ Ռուբեն արքեպիսկոպոս Զարգարյանը հայտարարել է, որ դատարանի որոշումները, իր գնահատմամբ, հակասում են ինչպես եկեղեցական կանոնադրությանը, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքներին։

«Բոլոր իրավական փաստաթղթերով, այդ թվում միջազգային, պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին կառավարման կյանքին, առավել ևս՝ առաջնորդի փոփոխությանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավասության շրջանակում է առաջնորդ նշանակելը, փոխելը, թեմ բացելը կամ փակելը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ դատարանի որոշումները հետագայում հիմք են դարձել պետական այլ մարմինների գործողությունների համար։

«Կայացվում է դատական որոշում, հետո դրա հիման վրա պետական մյուս մարմինները փորձում են օրինականություն ստեղծել՝ հղում անելով դատարանի որոշմանը։

Բայց երբ ասում ես՝ այդ որոշումն օրինական չէ, անմիջապես սկսվում են հակադարձումներ՝ ասելով՝ դատարանն է որոշել»,- եզրափակել է Ռուբեն արքեպիսկոպոս Զարգարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *