Տարիներ ձգվող գարշահոտություն. Նուռնուսի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից. «Հետք»

Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևանքով աղտոտված օդից։ Ընկերության տնօրենն ասում է՝ Նուռնուսում աշխատում են միայն ձմռան ամիսներին, այս պահին արտադրությունը չի գործում, բայց պատրաստ են լսել բնակիչների բողոքը և մինչեւ հաջորդ ձմեռ մոնիթորինգ անել, գրում է «Հետքը»։

Նուռնուսում տիրող գարշահոտությունից բնակիչներին վաղուց են բողոքում։ Դեռևս 2014թ. նրանք բողոքի ակցիա էին իրականացրել՝ քարերով փակելով արտադրամաս տանող ճանապարհը։ Դեռ այդ ժամանակ ընկերության տնօրենը վստահեցրել էր՝ ֆիլտրացիայի բարելավման աշխատանքներ են իրականացնում, երկու ամսվա ընթացքում գարշահոտությունը կնվազի և բնակիչներին այլեւս չի անհանգստացնի։ 

2015թ. վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր «Առողջ սունկ» ընկերության արտադրամասեր, ծանոթացել հումքի արտադրամասի պատճառով մթնոլորտային օդի աղտոտման խնդրին: Ընկերության ղեկավարությունը հայտնել էր, որ հումքի արտադրամասում ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ օդի աղտոտվածության հարցը որոշ չափով լուծվել է:

«Եթե ֆիլտրերի տեղադրումն էլ չնպաստի տհաճ հոտի վերացմանը, ապա այլընտրանք չունենք՝ արտադրամասը կփակվի: Մեր քաղաքացիների առողջությունն ավելի թանկ է մեզ համար»,- հայտնել էր Հովիկ Աբրահամյանը։

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն էլ համոզմունք էր հայտնել, որ կարճ ժամանակ անց բոլոր խնդիրները կլուծվեն, և տհաճ հոտը կվերանա:

Սակայն գարշահոտությունը չվերացավ, 2018-ին Նուռնուսի բնակիչները կրկին փակեցին «Առողջ սունկ» ՍՊԸ-ի արտադրամասի ճանապարհը: Իսկ 2019-ին Կառավարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ ասվում էր՝ սնկի կոմպոստն արդեն Ջրաբերում են մշակում՝ բնակելի վայրից 3կմ հեռավորության վրա, Նուռնուսն ազատվել է գարշահոտությունից։

Նուռնուսի բնակիչ Արգինա Անտոնյանը նշում է՝ թեև մի քանի տարի առաջ գարշահոտությունը նվազել էր, հիմա բնակավայրում նորից նույն վատ օդն է։

«Շատ վատ հոտ ա գալիս թե՛ ցերեկը, թե՛ գիշերը։ Հնարավոր չի շնչել, լուսամուտ բացել չենք կարողանում։ Լինում ա, որ հյուրեր ենք ունենում, մեկ էլ նենց ա հոտը տալիս, որ սաղ բերանները փակում, գնում են։ Անընդհատ բողոքել ենք, հիմա հույսներս լրատվամիջոցն է»,- ասում է տիկին Արգինան։

Նուռնուսի բնակիչների ահազանգերին ԲԸՏՄ-ն արձագանքում է 3 ամիս անց

Մեզ հետ զրուցած Նուռնուսի բնակիչները հայտնեցին, որ 2025-ի դեկտեմբերին դիմել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել։

«Հետքը» գրավոր հարցմամբ 2026-ի հունվարին դիմեց Տեսչական մարմնին՝ պարզելու, թե ինչ քայլեր է ձեռնարկում բնակիչների բարձրացած խնդիրներին արձագանքելու համար։

Տեսչական մարմնից հայտնեցին, որ թեժ գծի 119 հեռախոսահամարին «Առողջ սունկ» ՍՊԸ-ի վերաբերյալ 2025թ. դեկտեմբերի 23-ին ստացված ահազանգի հիման վրա Տեսչական մարմնում հարուցվել է ստուգման վարույթ։ «Ստուգման արդյունքների մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել է Տեսչական մարմինը։

Քանի որ այլևս որևէ տեղեկություն չստացանք, իսկ բնակիչները շարունակում էին դիմել «Հետք»-ին, ապրիլին ևս մեկ հարցում ուղարկեցինք։ ԲԸՏՄ-ն կրկին նմանատիպ պատասխան տվեց. «2025 թվականի դեկտեմբերի 23-ին ստացված «Առողջ սունկ» ՍՊԸ-ի վերաբերյալ ահազանգի հիման վրա Տեսչական մարմնում հարուցված ստուգման վարույթն ընթացքի մեջ է։ Ստուգման արդյունքների մասին Ձեզ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Մայիսի 6-ին ԲԸՏՄ-ն տեղեկություններ հայտնեց ստուգման վարույթի արդյունքների մասին։

««Առողջ սունկ» ՍՊԸ-ի Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի վարչական տարածքում գտնվող կոմպոստի արտադրամասում 24.03.2026թ․, 27․03․2026թ․, 01․04․2026թ․ և 02․04․2026թ․ իրականացվել են մթնոլորտ արտանետումների նմուշառումներ, ինչի արդյունքում պարզվել է, որ ընկերության գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի փաստացի չափաքանակները չեն գերազանցում Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2014 թվականի տրված սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագծով սահմանված չափաքանակները»,- ասված է Տեսչական մարմնի պատասխանում։

Փաստորեն, ստուգումներն իրականացվել են բնակչի ահազանգից 3 ամիս անց։ Անհասկանալի է, թե ինչու է Տեսչական մարմնից այդքան ժամանակ պահանջվել։

Տեսչական մարմինը պարզել է, որ ընկերությունը օգտագործում է ոչ թե սահմանային թույլատրելի արտանետումներով (ՍԹԱ) նախատեսված ֆիլտրացիոն համակարգը, այլ նոր կառուցված ֆիլտրացիոն համակարգ, արտադրական գործունեությունն իրականացվում է ՍԹԱ նախագծով սահմանված պայմանների խախտումով՝ չի կիրառվում ՍԹԱ-ով նախատեսված վնասակար նյութերի արտանետման աղբյուրը, այլ կիրառվում է ներդրված նոր ֆիլտրացիոն համակարգը։

Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *