Կիևի հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարն այսուհետ հասանելի է նաև հայերենով։ Սա պարզապես նոր զբոսաշրջային երթուղի չէ, այլ վերադարձ ուկրաինական և հայկական մշակույթների դարավոր կապերին։
Ինչպես հայտնում է AnalitikaUA-ն, Ուկրաինայի խոշորագույն թանգարանային համալիրներից մեկը՝ «Կիևյան Սոֆիա» ազգային արգելոցը գործարկել է հայերեն լեզվով պաշտոնական աուդիոէքսկուրսիա։
Այս իրադարձությունն ունի խորհրդանշական պատմական հիմք, որի մասին քչերը գիտեն։ Տաճարի հարուստ պատմությանը, հնագույն որմնանկարներին ու խճանկարներին հայերենով ծանոթանալ հնարավոր է երկու եղանակով.
Առցանց՝ աշխարհի ցանկացած կետից՝ պաշտոնական eMuseum.ua կայքի միջոցով։
Տեղում՝ տաճարը այցելելու ընթացքում, տարածքում տեղադրված հատուկ QR կոդերը սկանավորելով։
Սա հիանալի հնարավորություն է ինչպես Ուկրաինայի հայ համայնքի, այնպես էլ ամբողջ աշխարհում ապրող հայերի համար։ Նրանք կկարողանան իրենց մայրենի լեզվով բացահայտել Արևելյան Եվրոպայի կարևորագույն սրբավայրերից մեկի պատմությունը։
Տաճարի պատերին մինչև օրս պահպանվել են հայերեն հին գրաֆիտի-արձանագրություններ։
Հաննա Բյուզանդուհին, որը ծագում էր հայկական ծագում ունեցող Մակեդոնական արքայատոհմից, առանցքային դեր է խաղացել Կիևյան Ռուսիայի քրիստոնեացման և մշակութային զարգացման գործում։ Լինելով իշխան Վլադիմիր Մեծի կինը՝ նա Կիև է բերել բյուզանդական և հայկական ճարտարապետական ու գեղարվեստական ավանդույթները։ Նրա հետ ժամանած վարպետների շնորհիվ զգալի ազդեցություն է հայտնվել Ռուսիայի վրա։
Թագուհի Հաննայի պատմական ժառանգությունը սերտորեն կապված է Կիևի Սոֆիայի տաճարի հետ, որտեղ, հետազոտողների կարծիքով, որմնանկարներում պատկերված է նրա ընտանիքը։ Տաճարի պատերին պահպանվախ հայկական արձանագրություններն ու դեկորատիվ տարրերը վկայում են հայկական մշակութային ներկայության և Հաննա Բյուզանդուհու թողած խոր հետքի մասին։
Այս կապի ժամանակակից խորհրդանիշ է նաև հայկական խաչքարը, որը նվիրել է Ուկրաինայի հայերի միությունը և օրհնվել է 2018 թվականին։ Այսօր այն արժանի տեղ է զբաղեցնում ազգային արգելոցի գանձարանում՝ մարմնավորելով երկու ժողովուրդների անքակտելի հոգևոր կապը։