ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը վստահություն է հայտնել, որ ներկա փուլում Ուկրաինան զբաղեցնում է զգալիորեն ավելի ուժեղ դիրքեր, քան անցյալ տարի։ Ըստ նրա՝ ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկի, Մոսկվայի «ռեկորդային» կորուստների և Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի զինված ուժերի հասցված խոր հարվածների շնորհիվ«պատերազմի դինամիկան փոխվում է»։
«Սակայն, իհարկե, հիմա ինքնահանգստացման ժամանակը չէ»,- հավելել է նա։
Կալասն ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակում է աշխատանքը հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ծրագրերի, նոր պատժամիջոցների և Ուկրաինայի համար անվտանգության հնարավոր երաշխիքների շուրջ։
«ԵՄ-ն միշտ աջակցել է արդար և տևական խաղաղության հասնելու փորձերին։ Որպեսզի Եվրոպան ավելի ակտիվ դեր խաղա, մենք պետք է պայմանավորվենք միմյանց հետ, թե հատկապես ինչի մասին ենք պատրաստ խոսել Ռուսաստանի հետ և որտեղ են մեր «կարմիր գծերը»։ Արդար խաղաղությունն առանց Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու անհնար է»։
Քննարկելով Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը՝ Կալասը նշել է բարեփոխումների հարցում արձանագրված «անհավանական առաջընթացը»։ Նա կոչ է արել մինչև ամառվա սկիզբը բացել անդամակցության շուրջ բանակցային բոլոր կլաստերները։ «Ուկրաինայի ընդունումը ԵՄ բարեգործություն չէ։ Դա ներդրում է մեր իսկ անվտանգության մեջ։ Մեր ուղերձը Պուտինին հստակ է. Ուկրաինայի եվրոպական ապագան մեզ համար ավելի կարևոր է, քան Ուկրաինայի կործանումը Ռուսաստանի համար»,- հայտարարել է Կալասը։
Այն հարցին, թե կոնկրետ ինչ նկատի ունի «ամառվա սկիզբ» ասելով, Կալասը հեգնանքով պատասխանել է, որ նախարարներն այս առավոտ նույն բանավեճն էին վարում. «Ես ասացի, որ ամառը երկու շաբաթից է։ Բայց, դատելով ամեն ինչից, «եվրոպական ամառը» օգոստոսն է։ Դե ինչ, կտեսնենք»։
Կալասը բացահայտել է որոշ մանրամասներ Ռուսաստանի դեմ նախապատրաստվող պատժամիջոցների 21-րդ փաթեթից՝ նշելով, որ հիմնական թիրախը կլինի երկրի ռազմաարդյունաբերական համալիրը։ Քննարկվում են նաև միջոցներ ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ։
Վերլուծելով ռուսական իշխանության ներկա վիճակը՝ Կալասը հայտարարել է, որ Պուտինը «ավելի թույլ վիճակում է, քան երբևէ նախկինում»։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարությունները պատերազմի հնարավոր ավարտի մասին ուշագրավ են նրանով, որ դրանք «տարբերվում են նրանից, ինչ նա ասում էր ավելի վաղ»։
Ընդսմին, Կալասն արձանագրել է, որ Ռուսաստանը դեռ պատրաստ չէ իրական բանակցությունների, քանի որ Մոսկվան «նախկինի պես առավելապաշտական պահանջներ է առաջադրում»։ Հենց այդ պատճառով, եզրափակել է նա, Արևմուտքը պետք է շարունակի Կիևին աջակցելու իր աշխատանքը։