Կայա Կալասը մերժել է Գերհարդ Շրյոդերի թեկնածությունը՝ որպես Ուկրաինայի հարցով հնարավոր բանակցող

ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հարմար չէ Ուկրաինայում պատերազմի ավարտին ուղղված պոտենցիալ խաղաղ բանակցություններում Եվրոպայի ներկայացուցչի դերի համար։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ենթադրել էր, որ Շրյոդերը կարող է ներկայացնել եվրոպական երկրները խաղաղ բանակցություններում։ Շրյոդերը, որը զբաղեցրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնը 1998-2005 թվականներին, քաղաքականությունից հեռանալուց հետո աշխատել է ռուսական պետական էներգետիկ ընկերություններում, գրում է Politico-ն։

Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ մեկնաբանելով Պուտինի առաջարկը՝ Կալասը հայտարարել է. «Նախ, եթե մենք Ռուսաստանին թույլ տանք մեր անունից բանակցող նշանակել, դա այնքան էլ խելամիտ չէր լինի»։

«Երկրորդ՝ Գերհարդ Շրյոդերը եղել է ռուսական պետական ընկերությունների բարձրաստիճան լոբբիստ, ուստի ակնհայտ է, թե ինչու է Պուտինն ուզում տեսնել հենց նրան. փաստացի նա նստած կլիներ բանակցությունների սեղանի երկու կողմերում էլ»։

Այս պահին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում գլխավոր միջնորդ են մնում ԱՄՆ-ը, մինչդեռ Եվրոպան հիմնականում մնում է ստվերում։ Սակայն ավելի ու ավելի շատ եվրոպացի առաջնորդներ են հանդես գալիս ԵՄ-ի ավելի ակտիվ մասնակցության օգտին։ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հանգստյան օրերին հայտարարել է, որ Եվրոպան պետք է մասնակցի բանակցություններին այսպես կոչված E3 խմբի (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) ներկայացուցիչների միջոցով։

Պատասխանելով Վլադիմիր Պուտինի հետ ԵՄ ուղիղ երկխոսության հնարավոր պայմանների մասին հարցին՝ Կալասը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է զիջումների գնալու պատրաստակամություն ցուցաբերի։

Որպես հնարավոր պայմաններից մեկը նա նշել է ռուսական զորքերի դուրսբերումը Մոլդովայից։ «Եվրոպական անվտանգության խնդիրն այն է, որ Ռուսաստանը մշտապես ճնշում է գործադրում իր հարևանների վրա»,- ընդգծել է Կալասը։

«Տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար անհրաժեշտ են զիջումներ Ռուսաստանի կողմից։ Անցյալ շաբաթ ես Մոլդովայում էի, որտեղ, օրինակ, գտնվում են ռուսական զորքեր։ Դրանց դուրսբերումը կարող էր դառնալ պայմաններից մեկը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *