Ռազմական շքերթը պետության հաղթանակի վկայությունն է, բանակի փառքի, ուժի ցուցադրում։ Այն ոչ միայն ոգևորություն է առաջացնում քաղաքացիների շրջանում, այլև վախեցնում չբարեկամներին, որոնք, տեսնելով երկրի ռազմական հզորությունը, սպառազինությունը, չեն համարձակվում ոտնձգություն կատարել։
Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է ռազմական շքերթ, որի փորձերի մասին հատվածական տեսանյութեր է հրապարակում Նիկոլ Փաշինյանն իր էջում։
Ինչի՞ առթիվ է կազմակերպվում այս շքերթը, և ի՞նչ կապ ունի այն հունիսի 7-ի ընտրությունների հետ։
Վերջին մի քանի տարիներին Հայաստանը տեսել է պարտություն, կապիտուլյացիա, բռնի տեղահանում, նահանջ, նվաստացում և նման վատ ու ամոթալի բաներ։ Այս առումով՝ կարծես չկա այնպիսի հաղթանակ, որին նվիրված կարող են շքերթ կազմակերպել։
Մայիսի 28-ը ազգային օրացույցում նշվում է որպես Առաջին հանրապետության օր։ 1918-ի այս խառը օրերին Հայաստանն անկախություն է հռչակել։ Մայիսի 28-ն անկախության համար պայքար ու հաղթանակ խորհրդանշող օրերից է։ Խորհրդային բռնազավթման տարիներին Մայիսի 28-ի մասին խոսելու համար աքսորում էին Սիբիր, Մայիսի 28-ը ոգևորում էր անկախության համար պայքարողներին։ Ներկայում Մայիսի 28-ի եռագույնը, զինանշանը, օրհներգը ՀՀ խորհրդանիշներն են։
Այս օրը շքերթի կազմակերպումը կարող է պարունակել ուղերձ, որ անկախությունը բարձրագույն, անսակարկելի ու հարատև արժեք է։ Մայիսի 28-ի շքերթի կազմակերպիչներն ու մասնակիցները կարող են ցույց տալ աշխարհին, որ ՀՀ իշխանությունն ու ժողովուրդը անկախությունն ամեն ինչից վեր են դասում, անկախության պաշտպան են, պատրաստ են Մայիսի 28-ի համար կռվել։
Իրականում՝ ՔՊ-ական իշխանությունն անկախության ամրացման ուղղությամբ ռեալ քայլեր չի արել։ Մասնավորապես՝ ռուսական ռազմաբազան դուրս չի հրավիրել, լյուստրացիայի, դեսովետիզացման մասին օրենք չի ընդունել, ռուսներին տրված ենթակառուցվածքները չի ազգայնացրել, նույնիսկ Հունիսի 14-ին մի ծաղիկ չի խոնարհել խորհրդային ռեժիմի ձեռքով սպանված անմեղ զոհերի հիշատակին։ Սա ողջամիտ կասկած է ծնում, որ ՔՊ-ն ևս ռուսական ուժ է, մյուսներից ոչ պակաս։
Հարկ է նկատել նաև, որ Մայիսի 28-ն ավելի շատ դաշնակցական տոն է։ Առաջին Հանրապետության սահմաններն, իդեալն ու հավակնություններն էապես տարբերվում են ներկայիս այսպես կոչված՝ Իրական Հայաստանից։ Այս առումով էլ խորքային հակասություն կա Մայիսի 28-ի պատմական խորհրդի և Փաշինյանի վարած քաղաքականության միջև։
Այս հակասությունն է հիմք տալիս ենթադրելու, որ շքերթը կազմակերպվում է որպես նախընտրական միջոցառում։ Այսկերպ կարող է փոխվել ընդդիմադիրների հյուսած պատկերը, թե Փաշինյանը պարտության խորհրդանիշ է, բանակը մարտունակ չէ, սպառազինություն չկա և այլն։ Այս շքերթի արդյունքում Փաշինյանը կապացուցի հակառակը, որ բանակը կա, սպառազինված է, պատրաստ պաշտպանելու ՀՀ անկախությունն ու ժողովրդավարությունը։ Այսպիսով՝ մարդիկ կոգևորվեն, վստահությամբ լցվեն, որ բանակ ունենք, սպառազինություն ունենք, պաշտպանված ենք ու ապահով։ Այս ոգևորությունը գուցե կդրդի մարդկանց քվեարկել ՔՊ-ի օգտին։
Ամեն դեպքում՝ ոգևորիչ է, որ Մայիսի 28-ին տոնական միջոցառում է կազմակերպվելու Հանրապետության հրապարակում։ Թեկուզ այն առավելապես քարոզչական նշանակություն ունի, այնուամենայնիվ ոգևորություն կպարգևի պարտություններից ու կորուստներից ընկճված ժողովրդին։ Ավելին, եթե մարդիկ ոգևորվեն Մայիսի 28-ի՝ անկախության գաղափարով, ապա հունիսի 7-ին չեն ընտրի ռուսամետ ուժերին, որոնք ակնարկում են ռուսական շահերը ազգայինից վեր դասելու, ՀՀ անկախությունը վայրի արջի ցեղերին զիջելու մասին։
Այսինքն՝ եթե ընտրողն այսպիսի ոգևորությամբ մոտենա քվեատուփին, ապա ռուսական ուժերն, այդ թվում՝ ՔՊ-ն չեն հաղթահարի շեմը, և Փաշինյան-Կրեմլ պլանը կտապալվի։ Այսօրինակ պարտությունից խուսափելու համար Հանրապետության հրապարակով, ենթադրաբար, կքայլեցնեն նաև ռուս զինվորների։ ՌԴ ու ՀԱՊԿ դրոշներով ռուս զինվորների մասնակցությունը Երևանի շքերթին Մայիսի 28-ի խորհուրդը կարժեզրկի և կապացուցվի, որ շքերթն անկախության, ազգային արժանապատվության, անցյալ կամ գալիք ազգային հաղթանակների, չբարեկամներին սարսափ ներշնչելու հետ կապ չունի։ Այն զվարճալի, տոնական միջոցառում է, Ամիրյան փողոցում կազմակերպված «խորոված փարթիի» պես մի բան։
Թաթուլ Մկրտչյան