«Սիմփսոնները» (The Simpsons, 1989 – մինչ օրս) բազմասերիանոց մուլտֆիլմի հեղինակները կանխագուշակել են զբոսանավի վրա հանտավիրուսի բռնկումը։ Այս փաստին ուշադրություն է դարձրել բրիտանական The Daily Mirror թերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ «Սիմփսոնների» 23-րդ եթերաշրջանի 19-րդ դրվագում, որն էկրան է բարձրացել 2012 թվականին, ընտանիքի հայր Հոմերը կնոջ՝ Մարջի և երեք երեխաների՝ Բարտի, Լիզայի ու Մեգիի հետ ճանապարհորդում է շոգենավով։ Հանկարծ նրանց հանգիստը նավի վրա ընդհատվում է շչակների բարձր ձայներով և հեռուստացույցի էկրանից հնչող գեներալ Ուիլյամ Սալիվանի տեսաուղերձով, որը ուղևորներին տեղեկացնում է «մահացու «Պանդորա» վիրուսի արագ տարածման» մասին։ Դրանից հետո նավի վրա իրարանցում է սկսվում։
«Սիմփսոնները» ամերիկյան հեռուստատեսության պատմության ամենաերկարակյաց մուլտսերիալն է։ Այն արտադրվում է Gracie Films Production և 20th Century Fox Television հեռուստա- և կինոընկերությունների համատեղ ջանքերով։ Առաջին մինի-դրվագը ցուցադրվել է «Թրեյսի Ուլմանի շոուում»՝ 1987 թվականի ապրիլի 19-ին։ Սերիաների լիարժեք ցուցադրությունը սկսվել է 1989 թվականի դեկտեմբերի 17-ին։ Այս պահին վերջին՝ թվով 37-րդ եթերաշրջանը էկրան է բարձրացել 2025 թվականի սեպտեմբերին։
«Սիմփսոնների» հեղինակները վաղուց կանխագուշակողների համբավ ունեն, քանի որ սիթքոմի գրեթե 40-ամյա պատմության ընթացքում նրանք կանխատեսել են համաշխարհային հասարակական և քաղաքական բազմաթիվ նշանակալի իրադարձություններ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում գործարար Դոնալդ Թրամփի ընտրվելը։ Այս մուլտֆիլմի հերոսները հայտնի են ավելի քան 100 երկրների հեռուստադիտողներին, այդ թվում՝ Ռուսաստանում։ Սերիալն արժանացել է բազմաթիվ մրցանակների։ 37 անգամ «Էմմի» մրցանակ է հանձնվել հեռուստասերիալի ստեղծողներին։ Մրցանակն «Օսկարի» հեռուստատեսային համարժեքն է։
Ապրիլին MV Hondius զբոսանավի վրա, որը Արգենտինայի Ուշուայա քաղաքից ուղևորվում էր դեպի Կանարյան կղզիներ (Իսպանիա), տեղի է ունեցել հանտավիրուսի բռնկում։ Նավում եղել շուրջ 150 մարդ, հիմնականում՝ Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Նիդերլանդների և ԱՄՆ-ի քաղաքացիներ։ Ընդհանուր առմամբ, նավի վրա հանտավիրուս է հայտնաբերվել 11 մարդու մոտ, 3 ուղևոր մահացել է։
Հանտավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք հիմնականում ախտահարում են մանր կաթնասուններին, սակայն կարող են փոխանցվել նաև մարդուն։ Ծանր դեպքերում ախտահարվում են վարակվածների թոքերը, նրանց մոտ զարգանում է սրտային անբավարարություն և հեմոռագիկ տենդ։