Փաշինյանն ու իր եղբայր Ալիևը Հայաստանի մասին նույնական պատկերացումներ ունեն։ Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը հիշեցրել է Փաշինյանի խոստումները՝ երջանկություն, բարօրություն, հաղթանակ և, որ ամենակարևորն է, հպարտություն. նա նույնիսկ հպարտ քաղաքացիների անձնագրեր էր տպել ու բաժանում էր փողոցում։ Այնտեղ չկար այն ուրվագիծը, որն այժմ Փաշինյանն ու իր թիմակիցները կրում են կրծքին. այնտեղ Հայաստանն ու Արցախն էին։ «Այսօր, երբ ձախողման կամ միտումնավոր գործողությունների պատճառով (դա դեռ պետք է պարզվի) Արցախում հաստատվել են ադրբեջանցի ասկյարները, Փաշինյանը ձգտում է ստանալ վախեցած քաղաքացիների ամբոխ՝ ասելով, թե եթե ինձ չընտրեք, վաղն Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ։
Ալիևը, որքան էլ զարմանալի է, ձայնակցում է նրան՝ մատնացույց անելով ընդդիմությանը։ Այսինքն՝ Փաշինյանն ու իր եղբայր Ալիևը Հայաստանի մասին նույնական պատկերացումներ ունեն՝ առանց Արարատի, պատմական հիշողության և եկեղեցու՝ առանց արմատների կենսազանգված»,- նշել է պատգամավորը։
Նա առաջարկել է թարմացնել հիշողության մեջ Փաշինյանի՝ հինգ տարի առաջ արված խոստումները, ներառյալ՝ Արցախի մասով։ «Հիմա նա ասում է՝ այդ ամենը չկա, փոխարենը կա խաղաղություն։ Եվ Ալիևը, Փաշինյանին սատարելու համար, նորանոր զիջումներ է պահանջում։ Բայց ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ թշնամին հաստատվել է քո տարածքում, քիթը խոթում է ներքին գործերիդ մեջ, սպառնում է պատերազմով, եթե սահմանն այնպես չգնա, ինչպես ինքն է ուզում, ինչը խոստովանել է նաև հենց ինքը՝ Փաշինյանը»,- ընդգծել է պատգամավորը։