ԱՄՆ պաշտպանության նախարարը հրաժարվել է օրենսդիրներին տրամադրել Ուկրաինային հատկացվող 400 միլիոն դոլարի օգնության փաթեթի շրջանակում գնումների ծրագրի պատրաստման ժամանակացույցը, որը Կոնգրեսը հատկացրել էր դեռ տարեսկզբին, հայտնում է Associated Press գործակալությունը։
Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը (EUCOM), որին հանձնարարված է որոշել ծախսերի հոդվածները, «լիարժեք տեղեկացված է այն մասին, թե կոնկրետ ինչպես են նրանք ցանկանում ծախսել այդ միջոցները»։
Դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը քննադատել է ձգձգումը. «Արդեն մայիսն է, այս օրենքը գործում է հունվարից, և այս հանձնաժողովի անդամները երկկուսակցական հիմունքներով բազմիցս տվել են այս հարցը Ձեզ կամ Ձեր ներկայացուցիչներին»։
Միայն երկու շաբաթ առաջ՝ Կոնգրեսում իր նախորդ ելույթի ժամանակ, Հեգսեթը պաշտոնապես հաստատել էր, որ միջոցները կծախսվեն։
Նախարարի հայտարարությունը հնչել է այն բանից ընդամենը մեկ օր անց, երբ հանրապետական սենատոր Միթչ Մաքքոնելը The Washington Post-ի իր սյունակում հրապարակայնորեն մեղադրել էր Պենտագոնին հատկացված միջոցները միտումնավոր պահելու մեջ։