Ֆրանսիական իշխանությունները ստուգում են այն վարկածը, ըստ որի՝ օտարերկրյա միջամտության արշավը, որն ուղղված էր ծայրահեղ ձախ կուսակցության դեմ մարտին անցկացված համայնքային ընտրություններից առաջ, իրականացրել է (առնվազն մասնակիորեն) BlackCore կոչվող քիչ հայտնի իսրայելական ընկերությունը։ Դրա մասին Reuters-ին հայտնել են գործի ընթացքին ծանոթ երեք աղբյուրներ։
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները պարզում են, թե ով կարող էր «Անհնազանդ Ֆրանսիա» (LFI) կուսակցության երեք թեկնածուներին վարկաբեկելու BlackCore-ի ենթադրյալ արշավի պատվիրատուն։ Գործողությունը ներառել է կեղծ կայքերի և սոցիալական ցանցերում հաշիվների ստեղծում, որոնց միջոցով հնչեցվել են հանցավոր վարքագծի մեղադրանքներ, ինչպես նաև արժանապատվությունը վիրավորող թվային գովազդի տեղադրում։
Reuters գործակալությանը չի հաջողվել ինքնուրույն պարզել BlackCore-ի սեփականատերերին, հաստատել գրասենյակի գտնվելու վայրը կամ գտնել ընկերության մասին հիշատակումներ Իսրայելի կորպորատիվ ռեգիստրներում։
Իր՝ այժմ արդեն հեռացված ռեսուրսներում BlackCore-ն իրեն անվանում էր «ազդեցության, կիբերտեխնոլոգիաների և ՏՏ ոլորտի էլիտար ընկերություն՝ ստեղծված տեղեկատվական պատերազմի ժամանակակից դարաշրջանի համար»՝ կառավարություններին առաջարկելով «առաջադեմ ռազմավարություններ նարատիվներ ձևավորելու համար»։
LFI կուսակցությունը բևեռացում է առաջացնում ֆրանսիական հասարակության մեջ։ Լինելով պաղեստինամետ՝ այն հաճախ բախվում է հակասեմականության մեղադրանքների (որոնք հերքում է), մինչդեռ կենտրոնամետները զգուշանում են դրա տնտեսական քաղաքականությունից։
Վերլուծաբանները նշում են, որ ներկայիս 10-15% վարկանիշի պայմաններում LFI-ն կարող է անցնել 2027 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Հաշվի առնելով աջակողմյան «Ազգային միավորման» բարձր հնարավորությունները՝ ֆրանսիական իշխող վերնախավը վախենում է «ծայրահեղ աջերն ընդդեմ ծայրահեղ ձախերի» եզրափակիչ սցենարից։