ԵՄ-ն Թրամփի տնտեսական ներխուժման դեպքում համաձայնագիրը սառեցնելու իրավունք կունենա

Եվրոպական միությունը մոտեցել է Միացյալ Նահանգների հետ վերջին տարիների ամենալարված առևտրային համաձայնագրերից մեկի կնքմանը՝ միաժամանակ հասնելով պաշտպանական կարևորագույն մեխանիզմի. ԵՄ-ն կկարողանա կասեցնել գործարքի գործողությունը, եթե ամերիկյան ներմուծումը սկսի սպառնալ եվրոպական շուկային, հայտնում է Euronews-ը:

Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ Եվրախորհրդարանի օրենսդիրները և ԵՄ երկրների ներկայացուցիչները հասել են նախնական փոխզիջման՝ համաձայնագրում անվտանգության հատուկ մեխանիզմ ներառելու հարցում: Այդ կետը Բրյուսելին թույլ կտա կրկին սահմանել սակագներ ամերիկյան արդյունաբերական ապրանքների համար, եթե ԱՄՆ-ից մատակարարումների կտրուկ աճը Եվրոպայի ներսում շուկայական լուրջ ցնցումներ առաջացնի:

Համաձայնագիրը, որը քննարկվում է հսկայական քաղաքական ճնշման ներքո, նախատեսում է ամերիկյան ապրանքների նկատմամբ եվրոպական մաքսատուրքերի նվազեցում մինչև զրոյի, մինչդեռ եվրոպական արտադրանքի համար ԱՄՆ սակագները փաստացի եռապատկվում են, թեև առանց միմյանց նկատմամբ լրացուցիչ տուրքեր սահմանելու:

Լարվածության գլխավոր պատճառը Դոնալդ Թրամփի սպառնալիքներն են. Վաշինգտոնը հասկացրել է, որ եթե Եվրախորհրդարանը մինչև հուլիսի 4-ը չհաստատի գործարքի արագացված իրականացումը, ԱՄՆ-ը կարող է կրկնապատկել եվրոպական ավտոմեքենաների մաքսատուրքերը:

Դա Բրյուսելին դրել է ծայրահեղ բարդ վիճակի մեջ. մի կողմից՝ ամերիկյան վարչակազմի ճնշումն է, մյուս կողմից՝ եվրոպացի պատգամավորների մտավախությունները, որ համաձայնագիրը կարող է վերածվել տնտեսական շանտաժի գործիքի:

Հենց այդ պատճառով պատգամավորները պնդել են լրացուցիչ երաշխիքներ ներառել.

+շուկայական ցնցումների դեմ պաշտպանական մեխանիզմ,

 +«sunset clause» (գործարքի գործողության ավտոմատ դադարեցում որոշակի ժամկետից հետո՝ առանց երկարաձգման).

+քննարկվող «sunrise clause», որը կսահմանի, թե երբ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի.

+գործարքի կասեցման հնարավորություն՝ տնտեսական ճնշման կամ ԵՄ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների դեպքում:

Վերջին կետը հատկապես արդիական դարձավ Գրենլանդիային առնչվող Թրամփի վերջերս արած հայտարարություններից հետո, երբ սպառնալիքներ հնչեցին ԵՄ այն երկրների հասցեին, որոնք չեն աջակցում ամերիկյան աշխարհաքաղաքական նախաձեռնություններին:

Վեճերի լրացուցիչ աղբյուր է դարձել Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշումը, որը փորձում է մեղմել համաձայնագրի տեքստը և սահմանափակել այսպես կոչված Anti-Coercion Instrument-ի (Հակաճնշման գործիք) հիշատակումը. դա երրորդ երկրների տնտեսական ճնշման դեմ ԵՄ ամենախիստ գործիքներից մեկն է:

Այս մեխանիզմը, որը երբեմն անվանում են Եվրոպայի «առևտրային բազուկա», ընդունակ է սահմանափակումներ մտցնել օտարերկրյա ընկերությունների՝ միասնական շուկա մուտքի, արտոնագրերի և մտավոր սեփականության իրավունքների նկատմամբ:

Այս պահին վեճի գլխավոր առարկան մնում է գործարքի ուժի մեջ մտնելու ամսաթիվը: Եվրախորհրդարանը պահանջում է, որ համաձայնագիրը սկսի գործել միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն իր սակագները լիովին համապատասխանեցնի սահմանված 15% շեմին: Եվրահանձնաժողովը, ընդհակառակը, կողմ է անհապաղ իրականացմանը:

Բանակցողները ձգտում են ավարտել համաձայնեցումն արդեն հունիսին, որպեսզի հասցնեն քվեարկությունն անցկացնել մինչև Թրամփի սահմանած վերջնաժամկետը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *