
Նախօրեին Վրաստանում՝ Մցխեթի հնամենի Սվետիցխովելի տաճարում տեղի ունեցավ Վրաց ուղղափառ եկեղեցու նորընտիր կաթողիկոս-պատրիարք Շիո 3-րդի գահակալության արարողությունը։ Նա Վրաց եկեղեցու 142-րդ գահակալ է ընտրվել մայիսի 11-ին տեղի ունեցած Սրբազան Սինոդի ընդլայնված ժողովի ժամանակ։ Գահակալության արարողությունը տեղի ունեցավ խորհրդանշական օր՝ Սբ Անդրեաս Նախակոչ առաքյալի տոնի օրը։ Եկեղեցական այդ տոնը Վրաստանում պետական տոն է՝ ոչ աշխատանքային օր։ Սիմվոլիկ է նաեւ այն, որ գահակալությունը տեղի ունեցավ Սվետիցխովելիում՝ վրացական պետության հին մայրաքաղաքի Հայրապետական մայր տաճարում։ Բավականին ժամանակ նա արդեն ծերունազարդ Իլյա 2-րդի ժամանակ վարել է տեղապահի պաշտոն եւ վրացական կրոնական-եկեղեցական ու հասարակական շրջանակներին քաջածանոթ է։ Ու հիմա կարեւոր է, թե հայրապետական գահ բարձրացած Շիո 3-րդի օրոք ինչ կփոխվի Վրաց ուղղափառ եկեղեցում։
Վրացի քաղաքագետ Արչիլ Սիխարուլիձեն կարծում է, որ վրացական իշխող քաղաքական մեծամասնությունը՝ «Վրացական երազանքը», եւ պահպանողական մյուս ուժերը շատ ուրախ են, որ Շիո պատրիարքն է գահ բարձրացել, եւ նա է ղեկավարելու Վրաց եկեղեցին։ Արեւմտամետները դժգոհ էին, որովհետեւ Շիո պատրիարքը պահպանողական եկեղեցականի համբավ ունի։ Շիո 3-րդը կողմնակից է ընտանիքի ավանդական արժեքներին, վրացական ինքնության եւ դարավոր ավանդույթների պահպանմանը։ Փորձագետը կարծում է, որ 90 տոկոսով նա շարունակելու է այն գիծը, որը որդեգրել էր Վրաց ուղղափառ եկեղեցին՝ Իլյա 2-րդի ժամանակ։ Ու դա շատ կարեւոր է թե՛ վրացական եկեղեցու, թե՛ պետության եւ վրաց ժողովրդի ճնշող մեծամասնության համար։ Մյուս կողմից էլ, 57 տարեկան նոր պատրիարքն ավելի ակտիվ ու գործունյա կլինի, հետեւաբար՝ նաեւ վրացական եկեղեցու մասնակցությունը երկրի կյանքին կակտիվանա։ Իլյա 2-րդն էլ, երբ երիտասարդ էր, շատ ակտիվ ու գործունյա հովվապետ էր։ Նույն սպասելիքները կան հիմա Շիո պատրիարքից։ Արդեն հնչել են կարծիքներ, որ հնարավոր է նորընտիր պատրիարքը խնդրի, որ ազատ արձակեն այն բոլոր երիտասարդներին, ովքեր, մասնակցելով բողոքի գործողությունների, հայտնվել են բանտերում տարբեր մեղադրանքներով։ Ռուսական գիծը եւս աչքաթող չի արվի։ Շիո 3-րդը Ռուս ուղղափառ եկեղեցու հետ ունի խոր հոգեւոր եւ մարդկային կապեր, ուսանել է ժամանակին Մոսկվայի հոգեւոր ճեմարանում։ Մոսկվայի պատրիարքարանը շնորհավորել է Շիո 3-րդին։ Հնարավոր է, որ այս առիթն օգտագործվի, որպեսզի կարգավորվեն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Վրաց եկեղեցու կարգավիճակն ու դերակատարումը։ Ի դեպ, վրաց պատրիարքը, ըստ տիտղոսի, նաեւ Աբխազիայի միտրոպոլիտն է։ Անելիքներ շատ կան, սպասելիքներ՝ եւս։ Ամեն դեպքում, նոր պատրիարքը նոր հույսեր ու նոր հնարավորություններ է նշանակում։