Մայիսի 14-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային հարվածներ են հասցրել Կիևին։ Թիրախում են հայտնվել բնակելի թաղամասերն ու ենթակառուցվածքները։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով կա մեկ զոհ, առնվազն 16 մարդ վիրավորվել է։ Քաղաքի հարավ-արևելքում գտնվող Դարնիցկի շրջանում բազմահարկ բնակելի շենք է մասնակի փլուզվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ փլատակների տակից հաջողվել է փրկել 10 հոգու, սակայն որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Կիևի հյուսիսում՝ Օբոլոնսկի շրջանում, բեկորները վնասել են բնակելի շենքի 12-րդ հարկի բնակարաններից մեկը և հարվածել 25-հարկանի կիսակառույց շենքի։ Քաղաքի արևելյան հատվածում՝ Դնեպրովսկի շրջանում, հարվածը հասցվել է հնգահարկ բնակելի շենքի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Անօդաչու սարք է ընկել նաև մասնավոր տան վրա։ Բացի այդ, ոչ բնակելի տարածքներ են վնասվել Շևչենկովսկի, Սոլոմենսկի և Օբոլոնսկի շրջաններում։ Սոլոմենսկի շրջանում՝ բիզնես կենտրոնի հարակից կայանատեղիում, ավտոմեքենա է այրվել, իսկ Դարնիցկի շրջանում հրդեհվել են առևտրի տաղավարներ և լցակայան։ Քաղաքի հարավում՝ Գոլոսեևսկի շրջանում, բեկորներն ընկել են բիզնես կենտրոնի և ճանապարհի երթևեկելի հատվածի վրա։
Բացի այդ, Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակման ժամանակ Կիևի մարզում բեկորների անկման հետևանքով վիրավորվել է 6 մարդ. նրանցից երկուսը հոսպիտալացվել են, իսկ մյուսներին բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում։ Ավերածություններ են գրանցվել մարզի վեց շրջաններում։ Մարզային ռազմական վարչակազմի տվյալներով՝ բազմաթիվ վայրերում դեռ շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։
Ուկրաինայի զինված ուժերի Ռազմաօդային ուժերը գիշերը հայտնել են ռուսական բանակի կողմից հրթիռների, անօդաչու սարքերի և կառավարվող ավիացիոն ռումբերի (ԿԱՌ) արձակման մասին նաև Խարկովի, Պոլտավայի, Սումիի, Դոնեցկի, Օդեսայի, Նիկոլաևի, Դնեպրոպետրովսկի և Չերկասիի մարզերի ուղղությամբ։ Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 892 անօդաչու թռչող սարք, որոնցից 710-ը խոցվել կամ ճնշվել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի կողմից։